Մատչելիության հղումներ

Նիկոլա Սարկոզի. «2009 թվականը բացառիկ կլինի ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով»


Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման առումով 2009 թվականը բացառիկ եւ նպատակահարմար կլինի, եւ հակամարտության կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է օգտվել այդ հնարավորությունից: Այդ մասին գրել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղած նամակում:

«Լինելով Ադրբեջանի կողքին որպես Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան բոլոր ջանքերը կգործադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդարացի կարգավորման հասնելու համար», - վստահեցրել է Սարկոզին իր նամակում, որի տեքստը տեղադրված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում:

«Դուք գիտեք, թե ես որքան շահագրգռված եմ այդ հարցում, եւ ես մեծ գոհունակությամբ տեղեկացա նախագահ Սարգսյանի հետ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի աջակցությամբ նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած Ձեր հանդիպման հուսադրող արդյունքներին», - ադրբեջանցի պաշտոնակցին գրել է Ֆրանսիայի նախագահը:

«Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումը ունենալ այդ դրական տեղաշարժում, իսկ ավելի լայն իմաստով` մտադիր է մասնակցություն ունենալ Կովկասը խաղաղության եւ առաջընթացի գոտու վերածելուն ցանկացած աջակցության», - վստահեցնում է Նիկոլա Սարկոզին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG