Մատչելիության հղումներ

«Բջնի» գործարանը գնում է ոչնչացման»


«Բջնի» հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունը ավելի քան մեկ ամիս պարապուրդի է մատնվել: Աշխատանքից զրկվել են գործարանի ավելի քան 400 աշխատողներ, որոնց 70 տոկոսը Չարենցավանի բնակիչներ են:

Հոկտեմբերի 10-ին վարչական դատարանը վճիռ էր կայացրել ընկերությունից բռնագանձել ավելի քան 4 միլիարդ դրամ:

Հոկտեմբերի 23-ին արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները առգրավել էին գործարանի տրանսպորտային միջոցները, կապարակնքել ընկերության պահեստները, արգելանք դրել ընկերության բանկային հաշիվների վրա:

«Բջնի» հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության շահերի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ վարչական դատարանը մերժել է ընկերության հայցադիմումը առ այն, որ «բռնագանձումը շարունակվի արտադրանքի իրացումից գոյացած գումարների 40 տոկոսի նկատմամբ», ինչը, ըստ փաստաբանի, ընկերությանը հնարավորություն կտար շարունակել գործել` գումարների մնացած 60 տոկոսը օգտագործելով աշխատավարձերի եւ կոմունալ ծառայությունների, դատական եւ փաստաբանական ծախսերի, ինչպես նաեւ ընթացիկ հարկերի վճարման համար:

Զոհրաբյանը տեղեկացրեց, որ վարչական դատարանի կայացրած որոշումը բողոքարկել են վճռաբեկ դատարանում, սակայն հայցը առայժմ չի քննվել:

«Արդեն բռնագանձման գործողություններ են սկսվել, եւ այս պահին հետեւանքները առավել քան ցավալի են», - նշեց «Բջնի» գործարանի շահերի պաշտպանը: - «Ես կարծում եմ, հնարավոր էր սպասել վճռաբեկ դատարանին, տեսնել դատարանն ինչ է որոշում: Դրա փոխարեն գործարանը ուղղակի գնում է ոչնչացման»:

Գործարանի աշխատողները փորձել են բողոքի ակցիա կազմակերպել Երեւանում, սակայն քաղաքապետարանը չի արտոնել միջոցառումը:

«Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունը պատկանում է «Սիլ» կոնցեռնին, որի հիմնադիրը` Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարում` Խաչատուր Սուքիասյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG