Մատչելիության հղումներ

Ոստիկանները հացադուլավորներին թույլ չեն տվել գիշերել Եռաբլուրում


Երեկ երեկոյան Եռաբլուր են այցելել շուրջ երկու տասնյակ ոստիկաններ եւ առգրավել այնտեղ եռօրյա նախազգուշական հացադուլ սկսած Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների երկու վրանները:

Ինչպես երեկ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հացադուլավորներից վանաձորցի Մերուժան Հարությունյանը, երեկոյան ժամը 19:45-ի սահմաններում ոստիկանական 4-5 մեքենաներով եկել են «կարմիր բերետավորներ»` «առանց ներկայանալու, առանց որեւէ բացատրության, եւ համարեցին, որ մենք սրբավայր ենք պղծում»:

«Մենք ինքներս այս սուրբ հողի համար պայքարել ենք, եւ այստեղ սրբացած բոլոր նահատակները մեր մարտական ընկերներն են», - հայտարարեց Հարությունյանը:

Վստահեցնելով, որ իրենք վրանների կարիքը չունեն` նա ասաց. - «Ակցիան շարունակելու ենք, չենք ընդհատում ակցիան եւ նպատակ էլ չունենք ընդհատելու»:

«Նախազգուշական երեք օր էր, հնարավոր էր` երեք օր հետո դադարեցնեինք ակցիան, բայց հիմա գուցեեւ դրդեն շարունակելու», - ասաց Մերուժան Հարությունյանը:

Հացադուլավորների հիմնական պահանջները ձեւակերպված են Սուրբ Վարդանանց եկեղեցու պատին փակցված պաստառներում` «Արցախը ճանաչել Հայաստանի անբաժանելի մաս», «Պահանջում ենք չզիջել»:

Այդուհանդերձ, առավոտյան Եռաբլուրում էին հացադուլավորներից ընդամենը երկուսը: Նրանցից մեկը` Վարդան Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երեկ ժամը 22-ի սահմաններում 6-7 ավտոմեքենաներով Եռաբլուր են այցելել ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներ, «կարմիր բերետավորներ» եւ պարտադրել են հացադուլավորներին դադարեցնել հացադուլը եւ լքել Եռաբլուրը:

«Մենք ստիպված թողեցինք-գնացինք` այն հույսով, որ այսօր գալու ենք, շարունակենք: Այստեղ չենք գիշերել, որովհետեւ իրենք շրջապատել էին, թույլ չէին տալիս, ասելով, որ «չի կարելի, սրբավայր է, դուք սրբապղծություն եք անում», եւ այլն», - պատմեց Մալխասյանը:

Առավոտյան, երբ հացադուլավորները վերադարձել են Եռաբլուր` շարունակելու բողոքի ակցիան, Եռաբլուրում են եղել նաեւ ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները, որոնք դարձյալ արգելել են շարունակել ակցիան եւ հացադուլավորներից երկուսին` Մերուժան Հարությունյանին ու Արմեն Մանուկյանին ուղեկցել են ոստիկանության բաժին:

Մոտ կես ժամ անց հացադուլավորները վերադարձել են ոստիկանությունից: Մերուժան Հարությունյանը պատմեց, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում հանդիպել են բաժնի պետի տեղակալին. - «Նստել ենք իր մոտ, զրուցել ենք, իրար հասկացել ենք, պայմանավորվածություն ենք ձեռք բերել` մենք այսօր կթողնենք Եռաբլուրի ակցիան, կմտածենք հաջորդ ակցիաների մասին»:

Հարությունյանը հավելեց, որ «ոստիկանապետը երեկ երեկոյան տարած վրանները վերադարձրել է իր ձեռքով»:

Նա մանրամասնեց, թե ինչու են տեղի տվել ոստիկանության պահանջին. - «Ոստիկանապետի պետի տեղակալը ասաց` «տղերք ջան, ուղղակի վերեւից մեզ սեղմում են, չեն թողնում, ուղղակի խեղդում են»: Խոսակցությունից պարզ էր դառնում, որ անմիջապես իշխանության ճնշումն է իր վրա վերեւից գալիս»:

Հենց Եռաբլուրում պարզվեց, որ ոստիկանությունում ձեռք բերված պայմանավորվածությանը չորս հացադուլավորներից երկուսը համաձայն չեն: Վարդան Մալխասյանի եւ Մերուժան Հարությունյանի միջեւ վիճաբանություն սկսվեց, որից հետո Մալխասյանը հայտարարեց, թե շարունակելու է հացադուլը Եռաբլուրում:

«Քանի որ որոշել ենք մնալ Եռաբլուրում` մեր որոշմանը ուզում եմ հավատարիմ մնալ», - ասաց նա:


Ռուբեն Մելոյան եւ Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG