Մատչելիության հղումներ

Արեւմտյան հասարակական կազմակերպությունները կոչ են անում ապահովել ղարաբաղյան կարգավորման թափանցիկությունը


Արեւմտյան երեք ազդեցիկ հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների լուծմանը աջակցությամբ, կոչ են անում ապահովել Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման թափանցիկությունը:

«Կոնսորցիում» կոչվող այս նախաձեռնությանը մաս են կազմում երեք ոչ կառավարական կազմակերպություններ` LINKS-ը, «Միջազգային տագնապ»-ը (International Alert) եւ «Հաշտեցման ռեսուրսներ»-ը (Conciliation Resources):

Երեք կազմակերպությունների ներկայացուցիչները համատեղ ուղերձ են հղել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին` նշելով. - «Կարծում ենք, որ կարգավորման գործընթացը մեծապես կշահի, եթե դրա շուրջ Հայաստանում եւ Ադրբեջանում քննարկումները ծավալվեն` մեծացնելով հանրության ներգրավվածությունը»: Այս քայլը, ըստ «Կոնսորցիում» նախաձեռնության ներկայացուցիչների, կնպաստի խաղաղ բանակցությունների հաջող ընթացքին:

2008 թվականի երկրորդ կեսին բրիտանական երեք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություններում, հանդիպել են երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նույն ժամանակահատվածում նախաձեռնության անդամները ակտիվացրել են շփումները Հայաստանում եւ Ադրբեջանում գործող հասարակական կազմակերպությունների հետ:

«Այս հանդիպումներից ու խորհրդակցություններից հետո մենք հանդես ենք եկել կոնկրետ խորհուրդներով, որոնք կյանքի կոչելու դեպքում Հայաստանի եւ Ադրբեջանի շարքային բնակիչները ավելի լավ կըմբռնեն խաղաղ կարգավորման էությունը եւ, հետեւաբար, ավելի դրական վերաբերմունք կցուցաբերեն դրա նկատմամբ», - ասված է կազմակերպությունների հայտարարությունում:

«Կոնսորցիում» նախաձեռնության ներկայացուցիչները բավական բարձր են գնահատում Մինսկի խմբի համանախագահների վերջին ջանքերը, ինչպես նաեւ Մոսկվայում Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի կողմից նոյեմբերի 2-ին ստորագրված հռչակագիրը: Այդ փաստաթուղթը, բրիտանացի հասարակական գործիչների համոզմամբ, նոր խթան կհանդիսանա խաղաղ կարգավորման համար:

«Կոնսորցիում» նախաձեռնության անդամները համոզված են, որ հիմա խաղաղ կարգավորման շրջանակներում առաջընթաց արձանագրելու լավագույն պահն է:

«Հաջողության հնարավոր է հասնել միայն այն դեպքում, եթե կառավարությունները, քաղաքացիական հասարակությունը եւ միջազգային հանրությունը կարողանան համակարգված աշխատել այս նպատակին հասնելու համար», - ասված է հայտարարությունում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG