Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը տեղեկացնում է. - «Երեկ ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել ոմն Կարեն Տիգրանի Հարությունյան եւ հայտարարել, որ ինքն է երեք անձի հետ միասին նոյեմբերի 14-ին ծեծի ենթարկել «Հետաքննող լրագրողների ընկերակցության» նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանին: «Հերոսը» հրաժարվել է ցուցմունք տալուց»:

«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է վերլուծել Թոմաս Համմարբերգի վերջին ասուլիսը. - «Ի՞նչը դուր չեկավ Համմարբերգին։ Առաջին հերթին՝ իրավապահների գործողությունները։ Սակայն ոստիկանությունը նույնիսկ ամենաքաղաքակիրթ երկրներում միշտ պատրաստ է ուժի անհամարժեք կիրառման եւ օրինախախտման՝ «ի շահ գործի»։ Մարդկային էության ամենասարսափելի եւ նողկալի դրսեւորումների հետ օրնիբուն բախվողների մեջ չի կարող պահպանվել աշխարհի այն նույն պատկերը, ինչ որ քաղքենու։ Եթե ոստիկանությունը դառնա նույնքան փափկասիրտ ու օրինավոր, որքան նրանք են, որոնց նա պաշտպանում է, ապա իրավական նիհիլիզմով, վճռականությամբ եւ սարսափազդու ծամածռությամբ ստիպված կլինեն զինվել իրենք՝ պաշտպանյալները։ Բայց եթե ոստիկանը սկսի առաջնորդվել մտավորականի արժեքներով, իսկ մտավորականը՝ ոստիկանի արժեքներով, ապա ո՛չ մեկից, ո՛չ էլ մյուսից բացարձակապես ոչ մի օգուտ չի լինի։ Մտավորականների եւ ուժայինների արժեքները միշտ պիտի մրցակցեն եւ երբեք չհաղթեն մեկմեկու»։

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Հիմա պատկերացրեց, որ Սերժ Սարգսյանը ինչ-ինչ ճնշումների ազդեցության տակ ստիպված է եղել խոստումներ տալ եւ փաստաթուղթ ստորագրել, բայց իրականում չի պատրաստվում զիջել ազատագրված տարածքները: Ի՞նչ պիտի աներ նա այդ դեպքում: Պիտի փորձեր արտաքին աշխարհին ցույց տալ, որ ինքն իրականում հաճույքով կկատարեր իր տված խոստումները, բայց երկրի ներսում բողոքի ակցիաներ են սկսվել, եւ ինքը ստիպված է հաշվի առնել հանրային կարծիքը: Բնականաբար, այդ դեպքում ոչ թե կարմիր բերետավորները կառեւանգեին հացադուլավորների վրանները, այլ հակառակը` պատասխանատու հեռուստաընկերությունները իբր համարձակ ռեպորտաժներ կպատրաստեին հացադուլի մասին: Դա ինչ-որ կերպ կհասցվեր միջազգային լրատվամիջոցներին եւ այլն: Սերժ Սարգսյանը նման պարզունակ տրյուկների գիտակ է եւ եթե նման քայլի չի դիմել, դա միայն մի բան է նշանակում` նա իսկապես մտադիր է առանց որեւէ լուրջ փոխհատուցման հանձնել ազատագրված տարածքները: Այստեղ ամեն ինչ շատ հստակ է` եթե դու չես ուզում հանձնել տարածքները, լայնորեն գովազդում ես բողոքի ակցիաները, իսկ եթե, այնուամենայնիվ, մտադիր ես հանձնել, ճիշտ հակառակը` ամեն կերպ պիտի խոչընդոտես բողոքի ակցիաների կազմակերպումը: Սերժ Սարգսյանը ակնհայտորեն ընտրել է երկրորդ ճանապարհը»:

«Ժամանակ Երեւան»-ը զրուցել է քաղաքագետ Արման Գրիգորյանի հետ: Նա ասում է. - «Ավելի հետաքրքիր ու բարդ խնդիրը միշտ եղել է տարածքների վերադարձը Ղարաբաղի կարգավիճակի հետ կապելը կամ, ավելի ճիշտ` փոխանակելը: Տասը տարի առաջ փուլային ու փաթեթային տարբերակների շուրջ սարքած ամբողջ կրկեսը դրա մասին էր: Հիմա եկել մեզ ասում են, թե` մի անհանգստացեք, տարածքների փոխարեն ձեզ անվտանգության երաշխիքներ ենք տալու: Հիմա այն մասին, թե ինչ փուլում է գտնվում կարգավորման գործընթացը: Բոլոր նշանները վկայում են, որ միջնորդների` հակամարտությունը կարգավորելուն ուղղված ջանքերը վերջին շրջանում բազմապատկվել են, որ չնայած պատճառների ու շարժառիթների տարբերություններին, ե’ւ Արեւմուտքը, ե’ւ Ռուսաստանը այսօր ուզում են այդ հակամարտությունը կարգավորել, եւ որ ճնշման հիմնական թիրախը Հայաստանն է»:

lragir.am-ը մեկնաբանում է. - «Սերժ Սարգսյանը ներքին անկայունության ֆոնը հաղթահարելու հարցում առավելապես կարծես թե հույսը դրեց իր վրա, բայց արտաքին հարթությունում նախաձեռնողական քաղաքականությունը երեւի թե պետք է կատարեր շեղող դեր, թե’ հասարակության, թե’ նաեւ ընդդիմության համար: Եվ այդ նպատակը, համենայն դեպս անցած ամիսների ընթացքում, կարելի է համարել կատարված: Թե’ հայ-թուրքական հարաբերության, թե’ Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով կատարելով որոշակի ոչ ստանդարտ քայլեր, անելով որոշակի ոչ սովորական հայտարարություններ, Սերժ Սարգսյանը կարողացավ այսպես ասած փոխել թեման եւ այն տեղափոխել մի դաշտ, որտեղ կոնկրետությունն այդքան էլ մեծ չէ: Բանն այն է, որ ներքին խնդիրներում կոնկրետությունը հստակ է` իշխանությունը կամ գործում է օրենքի դաշտում, կամ իրեն դնում է օրենքից դուրս: Երրորդ վիճակ կարծես թե չկա: Իսկ ահա արտաքին քաղաքականության ոլորտում երեւի թե առկա է հայեցակարգային մոտեցում: Այսինքն, մեկին կարող է դուր գալ հայ-թուրքական հարաբերության առումով Սերժ Սարգսյանի պատկերացումը, մյուսին դա կարող է թվալ անհեռանկար, մեկը կարող է Ղարաբաղի հակամարտության կարգավորման Սերժ Սարգսյանի մոտեցումը համարել զիջողական, մյուսը` փոխզիջողական եւ պրագմատիկ, սակայն ընդհանուր առմամբ, այդ ամենը համեմվում է թե' բանակցային գաղտնիքով, թե' դիվանագիտական ոլորաններով, եւ կոնկրետությունը փաստացի կորչում է` հնարավորություն տալով խուսափել հստակ գնահատականներից»:

«Ազգ»-ը ներկայացնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի վերջին հարցազրույցը թուրքական հեռուստատեսությանը: Ի պատասխան հարցին` եթե արդյունքի չհանգեն Ադրբեջանի բանակցությունները Հայաստանի հետ, դա ինչպե՞ս կանդրադառնա Թուրքիա-Հայաստան երկխոսության գործընթացի վրա, նա ասել է. - «Այս հանդիպումներում նույնիսկ օրակարգ չենք բերում բացասական սցենարները: Մեր ջանքերը միշտ դրական հեռանկարայնությամբ ենք գործադրում»: Բաբաջանն ընդգծել է, որ Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցումը դրական է անդրադառնալու նաեւ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների վրա, ապա եւ շարունակել. - «Դրանք միմյանցից անջատ հարցեր չեն: Դրական հեռանկարայնությամբ ցանկանում ենք, որ այս մերձեցումն ու հարաբերությունները միմիայն առաջ ընթանան, մնացած բոլոր խնդիրներն էլ, հանկարծ հետընթաց չկատարվի: Պարզ ասած, ելնելով մինչեւ օրս ստացած ազդանշաններից, կարող եմ նշել, որ մեր կատարած աշխատանքները բավական դրական են»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG