Մատչելիության հղումներ

Նվազել են արդյունաբերական արտադրանքի ծավալները


Ավարտվող տարվա 10 ամիսների ընթացքում, ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության իրականացրած դիտարկումների, երկրի արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի ծավալները նվազել են:

Նախարարության ճյուղային եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Հայկ Միրզոյանը այսօր լրագրողներին ասաց, որ, այդուհանդերձ, հոկտեմբեր ամսին 1,4 տոկոսի աճ է արձանագրվել:

«Որքան էլ զարմանալի է, վերջին երկու ամիսներին վերելքով է աշխատել ակնագործության եւ ոսկերչության ոլորտը: Բայց դեռ վաղ է համարել, որ այդ աճը կլինի կայուն, քանի որ այդ միջազգային շուկայում էլ գների անկում է տեղի ունենում», - ասաց Միրզոյանը: - «Իսկ այս երկու ամսվա զարգացումները պայմանավորված են մի քանի ընկերությունների ունեցած պատվերներով»:

Նախարարության իրականացրած մոնիթորինգը անկում է արձանագրել նաեւ քիմիական արդյունաբերության ոլորտում, ինչի հիմնական պատճառը, ըստ պաշտոնյայի, պահանջարկի նվազումն է. - «Ելնելով նույն միջազգային ճգնաժամից, դրսի գործընկերները իրենց պահանջարկի ծավալները քչացրել են»:

Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, աճ է արձանագրվել մեքենաշինության ոլորտում, թեեւ դրա որոշ ճյուղերում դարձյալ անկում է գրանցվել: Ճգնաժամը չի շրջանցել նախկինում էլ անկում ապրող թեթեւ արդյունաբերության ոլորտը:

Հայկ Միրզոյանը փոխանցեց նաեւ, որ համաշխարհային ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար վարչապետին կից առաջիկայում ստեղծվելու է խորհուրդ, որտեղ կքննարկվեն «ճգնաժամի հետեւանքով կոնկրետ ձեռնարկությունների մոտ առաջացած կոնկրետ խնդիրները, որպեսզի օպերատիվ լուծումներ տրվեն»:

«Մյուս քայլը պետական երաշխիքների տրամադրում է», - ստեղծվելիք խորհրդի ապագա գործունեության մասին ասաց Միրզոյանը: - «Կառավարությունը խոշոր ընկերություններին, փոքր եւ միջին ձեռնարկություններին, ըստ անհրաժեշտության, կտրամադրի երաշխիքներ, որպեսզի նրանք կարողանան մատչելի վարկային միջոցներ վերցնեն, գրավի խնդիր չունենան»:

Պետական երաշխիքները կտրամադրվեն այն ձեռնարկություններին, որոնք կներկայացնեն, Միրզոյանի ձեւակերպմամբ` «ավելի նորմալ ծրագրեր»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG