Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը ընդգծում է. - «Հայ շախմատիստների հաղթանակը Դրեզդենի օլիմպիադայում խիստ կասկածի տակ դրեց մեր ազգի մասին ամենատարածված կարծրատիպը, որ հենց մենք էլ, կարծես թե, ստեղծել ենք. իբր, մենք` հայերս, անհատապաշտ են, ինդիվիդուալիստ ենք: Դրեզդենում կային բազմաթիվ գրոսմայստերներ, որոնք իրենց անհատական խաղային մակարդակով առնվազն չէին զիջում մերոնց: Բայց շախմատային օլիմպիադայում չկար որեւէ թիմ, որը հավասար կլիներ Հայաստանի հավաքականին»:

«Առավոտ»-ը նաեւ զրուցել է European Stability Initiative կազմակերպության առաջատար փորձագետ Նիգյար Գյոկսելի հետ: Բնական հետաքրքրությանը` իսկ Լեռնային Ղարաբաղի հա՞րցը, չէ՞ որ Թուրքիան սահմանի բացումը ուղղակիորեն կապում է Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, նա պատասխանել է. - «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես է դա կապվելու Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, բայց կարծում եմ, որ Թուրքիայի համար շատ ավելի հեշտ կլիներ անցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը, եթե հայկական կողմից ինչ-որ մի քայլ արվեր այդ առումով, ասենք` ինչ-որ մի տարածք ազատվեր կամ գոնե լիներ մի խոստում: Շատ զվարճալի է, երբ խոսում ես հայ-թուրքական հարաբերությունների մասին, Թուրքիան ասում է` պատմությունը մի կողմ դնենք, նոր, իսկ հայերն ասում են` Ղարաբաղի հարցը մի կողմ դնենք ու սկսենք: Այսինքն, երկու կողմն էլ ունի մի կողմ դնելու հարց, որը բարդացնում է վիճակը: Բայց այսօր ավելի ու ավելի շատ են թուրքերը, որոնք հասկանում են, որ պետք չէ ամեն ինչ կապել պատմության հետ»:

«Փակագիծ» օրաթերթը կրկին անդրադառնում է Սերժ Սարգսյանի հրավիրած միջկուսակցական խորհրդաժողովին. - «Իսկ ահա «Ժառանգություն»-ը ոչ միայն մասնակցեց, այլ նույնիսկ հանդես չեկավ որեւէ քաղաքական գնահատականով եւ հայտարարությամբ, որպեսզի կողմնորոշի սեփական ընտրողներին, որոնք ուզում են հասկանալ, թե վերջ ի վերջո այդ կուսակցությունը ընդդիմությո՞ւն է անում, թե՞ դերասանություն... Այս քաղաքական իրավիճակում խորհրդակցությանը մասնակցելով` «Ժառանգություն»-ը կամ պետք է դրանում ռումբի դեր կատարեր եւ ընդհանրապես քարը քարին չթողներ Սերժ Սարգսյանի դիրքորոշումից, կամ պետք է պարզապես բոյկոտեր հանդիպումը, ինչպես ազնվորեն, թեեւ հնարավոր է ոչ հեռատեսաբար, բայց կատարեցին Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբված կուսակցությունները»:

«Հայկական ժամանակ»-ը հետաքրքիր տեղեկատվություն է զետեղել Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 2-ի ուղերձի մասին Ազգային ժողովին: Թերթը գրում է. - «Ինչպես փոխանցում են իշխանական մեր աղբյուրները, քաղբանտարկյալներին ազատ արձակելու հեռանկարից մտահոգ մի քանի պաշտոնյաներ մինչեւ ուղերձը կարդալը շտապել են Սերժ Սարգսյանի մոտ եւ փորձել նրան համոզել, որ հանկարծ վերջինս որեւէ քայլ չձեռնարկի քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ: Նրանք են` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյան, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբեն Հայրապետյան, Սամվել Ալեքսանյան, Առաքել Մովսիսյան, Լեւոն Սարգսյան, Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյան: Ըստ հավաստի տեղեկությունների, վերջիններս փորձել են Սերժ Սարգսյանին բացատրել, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը շատ վատ ավարտ է ունենալու: Դա ե’ւ իրենց, ե’ւ Սերժ Սարգսյանի վերջն է»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը անդրադարձել է Համմարբերգի այցին: Թերթը գրում է. - «Հանձնակատարը հրապարակավ նախազգուշացրեց` առնվազն 5-6 անգամ շեշտելով, թե իր ապագա զեկույցը «անվարան քննադատական է լինելու»: Մի բան, որ նախորդ այցի ժամանակ չէր արել: Ինչպեսեւ սպառնաց սանկցիաներով` խոստանալով կատարել հեղափոխական պարագլուխների իղձն ու երազանքը` Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից: Բրավո’ Թոմաս: Այս բանից հետո մարտի 1-ի կազմակերպիչները ինչպե՞ս իրենց հանձնակատարին չպաչեն եւ դնեն իրենց գլխին: Միայն զարմանում ենք, թե ինչպես հանձնակատարը ինքնաթիռ նստելուց առաջ մոռացավ միանալ «ես եմ մյուսը» հեղափոխականների նախաձեռնած ակցիային եւ իր անուն-ազգանունն էլ դնել հայտարարության մեջ որպես «մարտի 1»-ի գործով մեղադրյալ»: Թերթը նաեւ զետեղել է հարցազրույց մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ: Նիկոյանը ասում է. - «Կարծում եմ, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի այս գնահատականը մեր հանձնաժողովի կատարած աշխատանքին չի վերաբերում: Նա կարծիք է հայտնել, թե Եվրախորհրդի 1609 եւ1620 բանաձեւերի կատարման ընթացքն է թերի: Հավատացած եմ, որ խորհրդարանական ժամանակոր հանձնաժողովի նկատմամբ Համմարբերգի վերաբերմունքը էականորեն է փոխվել, եւ չորս ամիս առաջ տեղի ունեցած մեր առաջին հանդիպման ժամանակ արտահայտած նրա մտավախությունները վերացել են»:

lragir.am-ի մեկնաբանը անդրադարձել է Հայաստանի շախմատի հավաքականի փայլուն հաղթանակի քաղաքական ենթատեքստին. - «Թվում է, որ 2008 թվականը ընտրություններից բավական զերծ տարի է, եւ այս անգամ շախմատի հավաքականի հաղթանակը պետք է որ զերծ մնա այլ նպատակներով օգտագործվելուց: Սակայն հաղթանակի առաջին րոպեները, ցավոք սրտի, հակառակն են հուշում, քանի որ հեռուստատեսային լուրերի առաջին պլանում, համենայն դեպս, հայ շախմատիստներին հավասար, Սերժ Սարգսյանն էր: Կարծես նա էր օրվա հերոսը, որ օլիմպիադայի վերջին տուրին հետեւելու համար մեկնել էր Դրեզդեն: Ինչ խոսք, շախմատի ֆեդերացիայի նախագահը չի կարող իր դերակատարումը չունենալ այդ մարզաձեւում արձանագրված հաջողությունների գործում, ինչպես որ ցանկացած մարզաձեւի ֆեդերացիայի նախագահ: Բայց, մյուս կողմից, վերջին հաշվով ամեն ինչ որոշում են մարզիկները: Օրինակ, կարելի է հաստատապես պնդել, որ եթե Սերժ Սարգսյանը լիներ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը, մեր թիմերի մարզական ցուցանիշները հազիվ թե էապես փոխվեին: Այսինքն, ֆեդերացիայի նախագահի կազմակերպական լավ աշխատանքով հանդերձ, այնուամենայնիվ, վաստակը շախմատիստներինն է: Իսկ մեր հայկական շախմատը օլիմպիական ոսկիներին գալիս էր տարիներ շարունակ, եւ ինչ-որ պահի պետք է ձեւավորվեր այն ոսկե միջուկը, որն էլ դարձավ, այսպես կոչված «դուբլի» հեղինակ»:


Աղասի Էնոքյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG