Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի հետեւանքները վերացնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունները բավարար քայլեր չեն արել»


«Մարտի 1»-ի հետեւանքները վերացնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունները դեռեւս բավարար քայլեր չեն կատարել», - «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության ուսումնասիրությունների հարցերով տնօրեն Քրիս Ուոքերը:

«Freedom House-ը խորը անհանգստությամբ էր հետեւում հետընտրական իրադարձություններին, քաղաքական բռնության աստիճանը չափազանց մտահոգիչ էր, եւ, անշուշտ, մենք հույս ունեինք, որ այսօրինակ քաղաքական ցնցումներից հետո իշխանությունները կձեռնարկեն որոշ նպատակային բարեփոխումներ ու քայլեր: Եվրախորհուրդն ու մյուս միջազգային կառույցները մեծ ուշադրությամբ հետեւում են Հայաստանի իշխանությունների ձեռնարկած գործողություններին, սակայն այսօրվա դրությամբ ակնհայտ է, որ կատարված քայլերը թերի են` միայն մասնակի», - ասաց փորձագետը:

Քրիս Ուոքերը, որի ղեկավարած բաժինը ուշադրությամբ հետեւում եւ ամեն տարի զեկույցներ է հրապարակում աշխարհի հարյուրավոր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության վիճակի մասին, առավել մտահոգիչ է համարում այն փաստը, որ Հայաստանում վերջին տարիներին ժողովրդավարության հիմնական ցուցանիշները էական փոփոխությունների չեն ենթարկվում:

«Այս տարվա վերջին վեց ամիսները ընդհանուր պատկերի միայն մեկ մասն են, սակայն երբ նայում ենք իրադարձություններին ավելի լայն կտրվածքով, ինչը, իմ համոզմամբ, առավել հիմնավոր եւ նպատակային է, ապա պարզ է դառնում, որ վերջին տարիներին իշխանությունները նշանակալից բարեփոխումներ չեն կատարել: Եվ սա միայն Freedom House-ի գնահատականը չէ. եվրոպական կառույցների, «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գնահատականներում եւս Հայաստանի մասով հսկայական մտահոգություն կա», - ասաց Քրիս Ուոքերը եւ կրկին ընդգծեց. - «Չնայած այդ մտահոգություններին, մինչ օրս մենք Հայաստանի իշխանությունների կողմից չենք տեսել նշանակալից, կայուն եւ նպատակային բարեփոխումներ, որոնց կարիքը կա»:

Պատասխանելով հարցին, թե հատկապես ո՞ր ոլորտում են անհրաժեշտ այդ բարեփոխումները, Քրիս Ուոքերը փաստեց. - «Պարզ ասած` բարեփոխումներ պահանջող ոլորտները բավական շատ են. դրանցից մի քանիսը մարտյան դեպքերից հետո իր զեկույցներում ընդգծել է նաեւ Եվրախորհուրդը»:

«Ճիշտ է, որոշ քայլեր կատարվեցին հավաքների ազատությունը երաշխավորելու համար, սակայն` կրկին ոչ ամբողջական... Որոշ քայլեր կատարվեցին նաեւ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող մարմին ստեղծելու ուղղությամբ, թեեւ դեռեւս անհրաժեշտ է տեսնել, թե գործնականում ինչպես է այն աշխատելու: Այնուամենայնիվ, ըստ իս, առավել հիմնարար է իշխանությունների ստանձնած պարտավորությունը` հնարավորություն տալ քաղաքացիներին էական մասնակցություն ունենալ երկրում ընթացող քաղաքական եւ տնտեսական իրադարձություններին, հասանելի դարձնել նրանց տնտեսության վերնախավում ընթացող իրադարձությունները», - ասաց Freedom House-ի փորձագետը:

Ըստ Քրիս Ուոքերի, Հայաստանում առավել մեծ մտահոգության տեղիք է տալիս հատկապես տնտեսական ոլորտը: «Չնայած վերջին տարիներին արձանագրվող երկնիշ տնտեսական աճին` տնտեսության ռազմավարական հատվածի մեծ մասը գտնվում է իրապես փոքրաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքում», - նշեց միջազգային կազմակերպության ներկայացուցիչը` ընդգծելով. - «Այս երեւույթը չափազանց մտահոգիչ է, քանի որ տնտեսական ազատությունը խթանում է քաղաքական ազատությունը, դրանք իրարից անբաժան են եւ ձեռք-ձեռքի տված են զարգանում, մինչդեռ Հայաստանում այս առումով իրավիճակը բավական ծանր է»:

Բարեփոխումներ պահանջող հաջորդ ոլորտը , ըստ փորձագետի, խոսքի ազատությունն է. - «Freedom House-ի գնահատականների համաձայն, Հայաստանը նախկին խորհրդային երկրների մեջ վատագույնների թվում չէ, այդուամենայնիվ, արձանագրվող ցուցանիշները շատ ավելին ցանկանալու առիթ են տալիս»:

«Մենք սպասում ենք, որ լրատվությունը դառնա իսկապես բաց եւ ազատ համազգային մակարդակով` լայն շրջանակների համար եւ հաստատուն հիմունքների վրա: Կարծում եմ, որ հիմա իրավիճակն այդպիսին չէ: Հնարավորություն կա ինչ-որ չափով լրատվությունը եւ մարդկանց ձայները տեղ հասցնել, սակայն մենք շատ ավելի բարձր ցուցանիշի ենք ձգտում, եւ կարծում եմ, որ մեր սպասումները անհիմն չեն», - ամփոփեց Քրիս Ուոքերը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG