Մատչելիության հղումներ

Վահագն Հարությունյան. «Դիպուկահարը կանխել է երկրորդ կրակոցը զինվորների ուղղությամբ»


Մարտի 1-ին ոստիկանության զորքերի կազմում եղած դիպուկահարը մեկ կրակոց է արձակել եւ այդ կրակոցով կանխել է երկրորդ կրակոցը զինվորների շարքերի ուղղությամբ: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այդ մասին ասաց Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հաստատել էր, որ ոստիկանության զորքերի կազմում եղել է մեկ դիպուկահար, ով հարցաքննվել է դեռեւս հունիսին:

Վահագն Հարությունյանի հավաստմամբ` դիպուկահարը հատուկ զանգվածային անկարգությունները կանխելու, ցրելու համար չի բերվել. - «Կոնկրետ, եթե զորամիավորումը իր ծառայությունը իրականացնում է մարտական հրազենով, նրա հետ մարտական հերթափոխի դուրս է գալիս նաեւ դիպուկահար, որի ծառայությունը կարող է պետք լինի, կամ ոչ: Տվյալ դեպքում ավելի քան օգտակար է եղել նրա ներկայությունը, քանի որ Լեո փողոցում, որտեղ դիպուկահարը տեղակայված է եղել, զանգվածային անկարգության մասնակցի կրակոցից սպանվել է զինվորականը, դրանից առաջ զինվորականների ուղղությամբ նետվել է նռնակ` էլի մարտական, դրանից հետո կրկին փորձ է արվել կրակել զինվորների շարքերի ուղղությամբ: Դիպուկահարը ունի արձակած մեկ կրակոց, եւ այդ կրակոցով ինքը կանխել է երկրորդ կրակոցը զինվորների շարքերի ուղղությամբ»:

Ըստ Հարությունյանի` նախաքննությունը ունի զինվորականների ուղղությամբ կրակող տվյալ անձի նկարագիրը, եւ ձեռնարկվում են միջոցառումներ` նրան հայտնաբերելու ուղղությամբ: Դրանով էլ, մասնավորապես, նա պայմանավորեց այն հանգամանքը, որ մինչ այժմ նախաքննության մարմինը չէր հայտնել դիպուկահարի մասին:

Բացի այդ, ըստ «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավարի, «ոչ միայն դիպուկահարի, այլեւ առհասարակ մյուս տեսակի զենքերի կիրառման օրինաչափության վերաբերյալ նախաքննությունը դեռեւս չի ավարտվել, եւ ամենակարեւորը` նշանակված են փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռեւս չենք ստացել». - «Դեպքի վայրից ունենք հայտնաբերված հազարից ավելի տարբեր տեսակի պարկուճներ, եւ դրանց պատկանելությունը պարզելու համար դրանք համեմատվում են ոստիկանական զորքերի կողմից նրանց տրամադրության տակ այդ օրը եղած զենքերի հետ, դրանք համեմատվում են դիակներից հայտնաբերված գնդակների հետ»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը այս շաբաթ լրագրողներին էր ներկայացրել մի ձայնագրություն, որտեղ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը արտասահմանցի մի լրագրողի ասել է, թե մարտի 1-ի երեկոյան Մյասնիկյանի արձանի շրջակայքում դիպուկահար է գործել:

Նույն օրը լրագրողների հետ զրույցում պարզաբանելով հիշյալ հարցազրույցում իր արած հայտարարությունները` Սամվել Նիկոյանը ասել էր. - «Այո, ոստիկանության սպառազինության մեջ եղել է մեկ դիպուկահար: Նրանք պաշտոնապես պատասխանել են իմ հարցին` մեկ դիպուկահարի ներկայությունը: Նման մեկ դիպուկահար եղել է»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե, ըստ իրենց տեղեկությունների եւ ներկայացված փաստաթղթերի, դիպուկահարի կրակոցից վիրավորված, զոհված կա՞, «Մարտի 1»-ի խորհրդարանական հանձնաժողովի նախագահը պատասխանել էր. - «Ոչ, այս պահին չեմ կարող ասել, հստակ չեմ կարող ասել»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG