Մատչելիության հղումներ

Թոմաս Համմարբերգը սկսել է երեւանյան հանդիպումները


Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգն այսօր հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, Փաստահավաք խմբի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նախ հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին:

«Տարբեր հարցերի մասին խոսք գնաց` կապված կալանավորված անձանց հետ»,-«Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հարությունյանը: - «Ես նշեցի իմ մտահոգությունը այն փաստերի կապակցությամբ, որոնք ինձ էին տրամադրել «7-ի գործով» փաստաբանները: Կարծում եմ, որ եթե նույնիսկ այդ փաստերի կեսը ճիշտ է, դա արդեն համարում եմ խայտառակություն»:

Օմբուդսմենի տպավորությամբ` Համմարբերգը առավելապես մտահոգված է այն խնդրով, որ «ընդդիմության լիդերներից շատերը դեռ կալանավորված են, եւ նաեւ գործընթացով` նախաքննության ընթացքով, եւ այլն»:

Թոմաս Համմարբերգը հանդիպել է նաեւ Փաստահավաք խմբի հետ, որի անդամ Սեդա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մանրամասնեց. - «Հանդիպումը հիմնականում ուղղված է եղել Փաստահավաք խմբում առկա մի շարք հիմնարար հարցերի պարզաբանմանը, մասնավորապես` մեզ մտահոգում էր անկախ փորձագետների հետ կապված խնդիրը: Ինքն էլ համակարծիք է, որ անկախ փորձագետներ պետք է ներգրավվեն»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հանդիպել է երեկոյան:

Համմարբերգի այցելության կապակցությամբ այսօր մեկօրյա հացադուլ են հայտարարել ընդդիմության ազատազրկված 28 ակտիվիստներ: Նրանցից Դավիթ Մաթեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հույս հայտնեց, որ Համմարբերգը Եվրախորհրդին կներկայացնի իրենց վերաբերմունքը` հետընտրական շրջանում արտահայտած դիրքորոշումների կապակցությամբ: «Եվրախորհրդի երկդիմության ու անհետեւողականության արդյունքում է, որ իշխանությունները գործնականում ոչնչացրեցին ընտրական համակարգը, իսկ ազատ կամքի արտահայտման իրավունքի իրացումը, ռեժիմից տարբերվող կարծիք հայտնելը, տեսակետ ունենալը` դարձավ հետապնդման ու հալածանքի առարկա», - հայտարարեց Մաթեւոսյանը:

Այսօր առավոտյան բողոքի ակցիա էր կազմակերպվել կառավարության շենքի մոտ, որի մասնակիցները պարզել էին «Ազատություն քաղբանտարկյալներին» վերտառությամբ պաստառ եւ ընդդիմության ազատազրկված ակտիվիստների լուսանկարները: Ակցիայի մասնակիցները նույնպես մեկօրյա հացադուլ էին հայտարարել Համմարբերգի այցի առիթով:

Վաղը նախատեսված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի այցելությունը ազատազրկման վայրեր:


Անուշ Մարտիրոսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG