Մատչելիության հղումներ

Դեյվիդ Կրամերը Բաքվում քննարկում է արեւմտյան ռադիոկայանների հեռարձակման խնդիրը


Երեկ Բաքու է ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով օգնական Դեյվիդ Կրամերը: Նրա հանդիպումների գլխավոր թեմաներից մեկը արեւմտյան ռադիոկայանների ծրագրերի հեռարձակումը դադարեցնելու` Ադրբեջանի իշխանությունների մտադրությունն է:

Կրամերը հանդիպել է Ադրբեջանի իշխանամետ եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իրավապաշտպանների հետ, իսկ այսօր բանակցելու է Ազգային հեռուստառադիոընկերության խորհրդի ղեկավարության հետ:

Ադրբեջանի ազգային հեռուստառադիոխորհուրդը մտադիր է մինչեւ տարեվերջ որոշում ընդունել հանրային հաճախականություններով «Ազատություն», «Ամերիկայի ձայն» եւ BBC ռադիոկայանների թողարկումները դադարեցնելու վերաբերյալ: Պաշտոնական հիմնավորումն այն է, թե հանրային հաճախականություններով պետք է հեռարձակվեն միայն հանրային արտադրության ծրագրերը:

Այս առիթով մտահոգություն են հայտնել ե'ւ Միացյալ Նահանգները, ե'ւ Եվրամիությունն ու Եվրախորհուրդը` պարզաբանում պահանջելով Ադրբեջանի իշխանություններից:

Ադրբեջանցի պաշտոնյաները, մինչդեռ, շարունակում են պնդել, թե իրենք որեւէ ապօրինի քայլ չեն կատարում:

«Մենք եւս մեկ անգամ կփորձենք Դեյվիդ Կրամերին բացատրել, որ մեր մտադրությունները համապատասխանում են ոչ միայն Ադրբեջանի օրենսդրությանը, այլեւ միջազգային պրակտիկային», - նախօրեին հայտարարել է Ազգային հեռուստառադիոխորհրդի նախագահ Նուշիրավան Մաղերամլին: - «Այս պրակտիկան գոյություն ունի ե'ւ Միացյալ Նահանգներում, ե'ւ Եվրոպայում: Արդյոք Ադրբեջանի իշխանություններին դատապարտող երկրները իրենց հանրային հաճախականությունները տրամադրո՞ւմ են օտարերկրյա հեռարձակողներին»:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականը երկօրյա այցի ընթացքում քննարկում է նաեւ ազատազրկված լրագրողների, քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրները, Ադրբեջանի վերջին նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր:

Կրամերի նախորդ այցը Ադրբեջան հունիսին էր` երկրում նախագահական ընտրություններից ամիսներ առաջ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG