Մատչելիության հղումներ

Ձախողվեց «Միացում» նախաձեռնության երկրորդ հանդիպումը


Այսօր «Միացում» ազգային նախաձեռնության նախատեսած հանդիպումը Արմավիր քաղաքի Մշակույթի պալատում ձախողվեց:

Երբ նախատեսվածից երկու ժամ առաջ Երեւանից ժամանած «Միացում» նախաձեռնության անդամները բարձրախոսով իրազեկում էին հանդիպման մասին, նրանց մոտեցած ոստիկանները հայտարարեցին, որ միջոցառումն անօրինական է, քանի որ քաղաքապետարանին գրավոր դիմում չի ներկայացվել:

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ նախաձեռնության անդամները իրեն միայն բանավոր են դիմել, չնայած ինքը դիմումատուներին ասել էր, որ պետք է ներկայացնեն գրավոր դիմում:

«Միացում» նախաձեռնության անդամ Սեդա Մելիքյանը, սակայն, պնդեց, որ Արմավիրի քաղաքապետարանին դիմել են նաեւ գրավոր, սակայն դիմումը հանձնելու մասին փաստող կտրոնը չեն վերցրել. - «Չմտածեցինք, որ կարող է նման խոչընդոտ առաջանալ»:

Այդուհանդերձ, նախաձեռնության անդամները` Երեւանից ժամանած կազմով, քայլերթ կատարեցին Արմավիրում` վանկարկելով «Միացում» բառը:

Սա «Միացում» ազգային նախաձեռնության երկրորդ ձախողված հանդիպումն էր: Նախորդը Էջմիածնում էր, երբ նույնպես չթույլատրվեց օգտագործել քաղաքի Մշակույթի տան դահլիճը:

«Միացում»-ը մտադիր է այցելել նաեւ Ղարաբաղ եւ հարակից շրջաններ:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG