Մատչելիության հղումներ

«7-ի գործի» նյութերին ծանոթանալու ժամկետը երկարաձգվեց մինչեւ դեկտեմբերի 1-ը


Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ քննվող «մայր գործից» անջատված` Ալեքսանդր Արզումանյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Շանթ Հարությունյանի, Սուրեն Սիրունյանի եւ Սասուն Միքայելյանի գործի նյութերին ծանոթանալու համար պաշտպանական կողմին տրամադրված ժամկետը երկարաձգվել է մինչեւ դեկտեմբերի 1-ը:

«7-ի գործով» փաստաբանական խումբը բողոք էր ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` բողոքելով քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կորյուն Փիլոյանի դեմ, ով գործի նյութերին ծանոթանալու համար իրենց մինչեւ նոյեմբերի 10-ն էր ժամկետ տրամադրել: Փաստաբանների պնդմամբ` այդ ժամկետը բավարար չէր գործի նյութերն ամբողջությամբ ուսումնասիրելու համար:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, մինչեւ դատարանի որոշում կայացնելը Կորյուն Փիլոյանը որոշել է գործին ծանոթանալու ժամկետը երկարաձգել եւս 21 օրով:

«7-ի գործի» նյութերը կազմում են 41 հատոր` 12 հազար էջ, եւ դրանց ծանոթանալու համար սահմանված ժամկետները արդեն երկրորդ անգամ են երկարացվում:

Հիշյալ 7 գործիչները, որոնք Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման ակտիվիստներից են, իսկ նրանցից 3-ը Ազգային ժողովի պատգամավորներ են, մեղադրվում են Քրեական օրենսգրքի 300 հոդվածով` «պետական իշխանության յուրացում», եւ 225 հոդվածի երկրորդ մասով` «զանգվածային անկարգություններ»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG