Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե Ղարաբաղի ժողովուրդը կարողանա իրացնել ինքնորոշման իրավունքը»


«Ես տարիների ընթացքում մշտապես ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրացնի, կարողանա իրացնել իր ինքնորոշման իրավունքը», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Ավելի ճիշտ, ավելի ստույգ ասեմ` եթե Ադրբեջանը ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը», - հավելել է նա:

«Երկրորդ, եթե Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանն ունենան ցամաքային սահման, եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանա անվտանգության հզոր երաշխիքներ», - ասել է նախագահը:

«Շատ պարզ խնդիր է, եւ միայն խելակորույս մարդը կարող է այս ձեւակերպումների մեջ գտնել միայն զիջումներ», - նշել է Սերժ Սարգսյանը` հերքելով հնչող տեսակետները, թե հայկական կողմը միակողմանի զիջումների է գնում: - «Ուղղակի Հայաստանում որոշ քաղաքական ուժերի եւ նաեւ գործիչների թվում է, թե ընտրությունները չեն ավարտվել, եւ ցանկացած առիթ օգտագործում են շահարկումների համար: Բծախնդրությամբ ուսումնասիրում են թուրք-ադրբեջանական մամուլը, վերլուծություններ, կանխատեսումներ են կատարում, եզրահանգումներ անում, եւ այս ճանապարհին նրանց բոլորովին չի հետաքրքրում ոչ Հայաստանի, եւ ոչ էլ Լեռնային Ղարաբաղի պաշտոնական տեսակետները, եւ նույնիսկ այդ նույն թուրք-ադրբեջանական մամուլում հնչող հերքումները»:

«Ես, 17-18 տարիների ընթացքում արտահայտվելով Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին, երբեք չեմ օգտագործել «միակողմանի զիջում» բառակապակցությունը եւ ոչ էլ` «զիջում» բառը: «Փոխզիջում», երեւի թե, այո, բայց «զիջում»? ոչ», - հայտարարել է Հայաստանի նախագահը: - «Մենք շատ նվիրական ու մեր ժողովրդի համար կարեւոր խնդիր ենք լուծում եւ ուրիշների պես չենք փորձում դիվիդենտներ քաղել տարբեր միջոցառումների կամ ելույթների ժամանակ: Մենք խնդիրը լուծում ենք, այո, ելույթներով, մենք խնդիրը լուծում ենք հանդիպումներով, բանակցություններով, տարբեր եղանակներով եւ մեր նպատակը, նորից եմ կրկնում, խնդրի լուծումն է եւ այդ ճանապարհին ազնիվ ու անկեղծ լինել ինչպես մեր մարտական ընկերների, այնպես էլ` մեր ժողովրդի հետ: Երբեք անիրականանալի բաներ չասել, երբեք չփորձել մոլորության մեջ գցել մարդկանց»:

Անդրադառնալով Մայնդորֆյան հռչակագրին` Սերժ Սարգսյանը նշել է. - «Ես չէի էլ կասկածում, որ նաեւ այդ փաստաթուղթը պետք է դառնա քննադատության թիրախ, չնայած այն բանին, որ սա, փաստորեն, միակ փաստաթուղթն է, որտեղ Ադրբեջանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման քաղաքական ճանապարհը: Եթե ընդհ?նրացնելու լինենք, սկզբում հնչեց մի տեսակետ, որ սխալ էր փաստաթուղթ ստորագրել, որտեղ չկա Լեռնային Ղարաբաղի նախագահի կամ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ստորագրությունը: Ես ուզում եմ եւ այդ քննադատներին, եւ բոլորին հիշեցնել Ազգային ժողովին եւ մեր ժողովրդին հղած իմ ուղերձի այն հատվածը, որտեղ խոսվում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մասին եւ ասվում էր, թե երբ կարող է լուծվել խնդրին. այն ժամանակ, երբ որ մենք կշնորհավորենք Ադրբեջանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներին կամային որոշման եւ խնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար: Ես կողմնակից եմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի նախագահը ներգրավվեն բանակցային գործընթացում եւ համարում եմ, որ ամենից արդյունավետ ճանապարհը, երեւի, դա է, բայց Մայնդորֆյան հռչակագիրը որեւէ առնչություն չունի իմ ասած այս մտքի հետ, եւ այն երեք նախագահների կարծիքն է խնդրի լուծման մասին»:

«Հռչակագիրը դա մի հանգրվան չէ, բուն բանակցությունների բաղկացուցիչ մաս չէ: Երեք երկրների նախագահներն ասում են, որ խնդիրը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով», - հայտարարել է նախագահը` հավելելով. - «Դր?նի? հետո ես եղել եմ Փարիզում, Եվրամիության կառույցներում, եւ եթե կամ Փարիզում, կամ Բրյուսելում առաջարկվեր մի փաստաթուղթ ստորագրել, որով եւս մենք կհավաստեինք մեր ցանկությունները` խնդրի խաղաղ լուծման համար, ես ի?նչ պետք է անեի, պետք է ասեի սպասեք Լեռնային Ղարաբաղից մա՞րդ հրավիրեմ: Անտրամաբանական է, չէ?»:

«Նորից եմ կրկնում, այո, խնդրի լուծման ամենաարդյունավետ ձեւն այն է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դառնան բանակցային կողմ, որպեսզի նրանք մասնակցեն բոլոր բանակցություններին, եւ այդպես էլ լինելու է, այլ ճանապարհ ուղղակի չկա», - ընդգծել է Սերժ Սարգսյանը հարցազրույցում, որի տեքստը տարածել են նախագահի մամլո գրասենյակից:

«Երկրորդը, որ սկսեցին խոսել, այն է, թե Ադրբեջանը կարող է շահարկել, որովհետեւ փաստաթղթում գրված է, որ խնդիրը կարող է կարգավորվել միջազգային իրավունքի սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա», - նշել է նախագահը եւ շարունակել. - «Ակնհայտ է, չէ?, որ այստեղ խոսքը հիմնարար փաստաթղթերի մասին է, որտեղ պետք է փնտրել Ղարաբաղի խնդրի լուծումը: Սրանք խարտիաներն են, եզրափակիչ ակտն է, բոլոր այն հիմնարար փաստաթղթերը, որոնց շրջանակներում մենք պետք է փնտրենք Ղարաբաղի խնդրի լուծումը: Ասում են` ոչ: Ադրբեջանը սա կարող է հասկանալ իբրեւ ՄԱԿ-ի բանաձեւեր եւ կարող է շահարկել: Հասկանալի է, որ ադրբեջանցիները պետք է շահարկեն, իսկ դո՞ւք ինչու եք շահարկում: Այսինքն` դուք ադրբեջանցիների հուշարարնե՞րն ենք, թե? ադրբեջանցիների շահարկումից հաճույք եք ստանում»:

«Վերջիվերջո, պետք է հասկանալ, որ այստեղ Սերժ Սարգսյանի խնդիրը չէ, այստեղ Լեռնային Ղարաբաղի խնդիրն է: Դուք կարող եք սիրել Սերժ Սարգսյանին, կարող եք չսիրել, կարող եք հարգել, կարող եք չհարգել, դա ձեր անձնական գործն է: Կարող եք շարունակել ձեր գործը` ամեն ինչ քննադատելով, բայց պետք է գիտակցել, նորից եմ կրկնում, որ այստեղ Ղարաբաղի խնդիրն է», - շեշտել է Հայաստանի նախագահը:

Ղարաբաղյան հիմնահարցի լուծման հնարավոր ժամկետների եւ այդ գործընթացում հասարակության մասնակցության վերաբերյալ հարցին Սերժ Սարգսյանը արձագանքել է. - «Դժվար է ասել ժամկետների մասին: Երբ ես մշտապես ասում եմ, որ մենք խնդիրը չենք ձգձգելու, դա բնավ չի նշանակում, թե վաղը, մեկ ամիս հետո, երեք ամիս հետ? կամ չորս ամիս հետո խնդիրը լուծվելու է: Այո, ես խորապես համոզված եմ, որ մենք չպետք է արհեստականորեն ձգձգենք խնդրի լուծումը, բայց դեռեւս պետք է գանք որոշման, պետք է գանք համաձայնության, որից հետո եւս երկարատեւ գործընթաց պետք է լինի: Բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` այս խնդիրը 1, 2, 3, 131, նույնիսկ 1300 հոգու լուծելու խնդիր չէ: Սա մեր ժողովրդի ամենակենսական խնդիրներից մեկն է, եւ մեր ժողովուրդը պետք է ասի` համաձա?յն է, արդյոք, այն տարբերակին, որին մենք կգանք բանակցությունների ընթացքում: Բանակցողների խնդիրն այն է, որպեսզի կարողանան ընդհանուր գծերով հասարակությանը տեղյակ պահել խնդրի լուծման սկզբունքների մասին, իսկ բանակցային մանրամասները պահեն, որովհետեւ բանակցությունները բավականաչափ բարդ եւ նուրբ գործընթաց են, որոնց ընթացքում պետք է կարողանալ լինել ե'ւ զգույշ, ե'ւ նպատակաուղղված: Մեր քաղաքական ուժերն, անպայման, մասնակից են լինելու քննարկումներին: Կարծում եմ, միգուցե, հիմա ժամանակ չէ նույնիսկ այս հարցը քննարկման դնել, բայց որպեսզի այս մի բաժակ ջրում ստեղծված փոթորիկը կարողանանք հանդարտեցնել, ես, երեւի, կհրավիրեմ քաղաքական կուսակցությունների նախագահներին եւ կփորձեմ լսել նրանց հարցադրումները, կփորձեմ պարզել, թե ի՞նչն է նրանց անհանգստացնում»:

«Մենք դեռեւս երկար ճանապարհ ունենք անցնելու: Մենք պետք է կարողանանք բանակցությունների ընթացքում գալ մի որոշման, որում, գոնե, ես համոզված կլինեմ, որ այն բխում է մեր ժողովրդի շահերից, որից հետո հարցը պետք է դնել համաժողովրդական քննարկման, դրանի? հետո անհրաժեշտություն կլինի ստորագրել պայմանագիր, դրանից հետո համաձայնագիր եւ այլն, եւ այլն», - ամփոփել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG