Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան.«Եվրամիության կառույցները գոհ են Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից»


Եվրամիության կառույցները, նրանց ներկայացուցիչներն ակնհայտորեն գոհ են Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակից եւ կատարված աշխատանքից: Այսպիսին է նախագահ Սերժ Սարգսյանի տպավորությունը Բրյուսել կատարած այցից, որը նա ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ողջ համալիրի քննարկման նպատակով այսօր իր անցկացրած խորհրդակցության ժամանակ:

Բրյուսելյան քննարկումների հիմնական թեման, Սերժ Սարգսյանի փոխանցմամբ, եղել է Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագիրը եւ այն կոնկրետ խնդիրները, որոնք Հայաստանն առաջարկում է եվրոպական կառույցներին լուծել երկկողմ հարաբերությունները խորացնելու ճանապարհին։

Ըստ նախագահի, արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների հետ կապված` Եվրամիության արդարադատության, ազատության կոմիտեի հետ միասին ենթահանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Եվրամիության առեւտրի հանձնակատարի հետ քննարկումների արդյունքում, դեկտեմբերին սպասվում է փորձագետ-խորհրդատուների խումբի գործուղումը Հայաստան` հայ պաշտոնյաների հետ գործողությունների հստակ ժամանակացույց մշակելու համար։

Փաստաթուղթ է ստորագրվել նաեւ Հայաստան Եվրամիության խորհրդատուների խումբ ուղարկելու մասին, որը կօգնի գործողությունների ծրագրի իրականացմանը։

Նախագահը պահանջել է ամենայն աչալրջությամբ մոտենալ Հայաստան-Եվրամիության գործողությունների նոր ծրագրի ձեւավորմանը եւ նախարարներին ու շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է անձնական հսկողություն սահմանել իրենց ոլորտներին առնչվող աշխատանքների նկատմամբ։

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` խորհրդակցության ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացնել է գործողությունների ծրագրի ընթացքը` նշելով, որ դեկտեմբերին 9-ին Բրյուսելում կայանալիք Եվրամիության Նախարարների խորհրդի նիստի ժամանակ Հայաստանը կներկայացնի 2008 թվականին կատարածի վերաբերյալ հաշվետվություն։


(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG