Մատչելիության հղումներ

Բեռնար Ֆասիե. «Չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ նախագահները կրկին կհանդիպեն»


Չի բացառվում, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կրկին հանդիպեն: Ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Դիվանագետն ավելացրել է, որ որոշումը պետք է կայացնեն նախագահները, իսկ հանդիպումները կազմակերպելու համար միջնորդները միշտ պատրաստ են:

Բեռնար Ֆասիեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված կարեւոր քայլ է համարել նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագիրը:

«Փաստաթղթում նշված է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերին համապատասխան, իսկ դա նշանակում է, որ այն հիմնված է լինելու Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա, որտեղ արտացոլված են տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքների սկզբունքները», - ասել է դիվանագետը` հավելելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումը բխում է ամբողջ տարածաշրջանի շահերից:

«Խաղաղ ճանապարհը` երկխոսությունն է, բանակցությունները եւ վերջնական արդյունքում` քաղաքական փոխզիջումները: Այն ժխտում է պատերազմը եւ ուժի կիրառումը», - ասել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը:

Բեռնար Ֆասիեի փոխանցմամբ` մոսկովյան հանդիպումից 4 օր անց համանախագահների հանդիպումը Վիեննայում, ինչպես եւ տարածաշրջան կատարած այս այցը նպատակ ունեն առանց ժամանակ կորցնելու օգտագործել ի հայտ եկած շանսերը:

Կարգավորման գործընթացում Թուրքիայի ակտիվացումը եւ Հայաստանի հետ սկսած բանակցությունները Ֆասիեն գնահատել է որպես «նոր փուլ տարածաշրջանի կյանքում»:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցություններում «կա միայն մեկ ձեւաչափ»` ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը:

«Թուրքիան Մինսկի խմբի անդամ է, եւ այդ շրջանակներում Թուրքիան շատ է ջանում օգնել խնդրի կարգավորմանը: Բայց մենք գտնում ենք, որ բանակցային գործընթացում կա միայն մեկ ձեւաչափ, ինչպես այդ մասին հայտնեցին նախագահները Մոսկվայում, եւ դա Մինսկի խումբն է իր համանախագահներով», - ասել է Բեռնար Ֆասիեն:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG