Մատչելիության հղումներ

Հայաստանում կանանց մեկ քառորդից ավելին ընտանեկան բռնության է ենթարկվում


Հայաստանցի կանանց ավելի քան մեկ քառորդը ընտանեկան բռնության է ենթարկվում: Այդ են վկայում Amnsety International միջազգային իրավապաշտպան կազմակերպության անցկացրած հետազոտության արդյունքները:

«Բռնությունը հայկական ընտանիքներում տարբեր ձեւեր է ընդունում` մեկուսացումից ու հոգեբանական ճնշումներից մինչեւ սեռական բնույթի բռնություն», - նշում են փորձագետները` հավելելով. - «Ընտանեկան ամուր կապերը հայկական մշակույթի անբաժան մասն են, այդ իսկ պատճառով, այն կինը, որը բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին, դիտվում է որպես ընտանիքը վտանգող եւ ներընտանեկան խնդիրները հանրության դատին հանձնող անձնավորություն: Այդ դեպքում կնոջից երես են թեքում բարեկամները, ընկերներն ու հարեւանները»:

Amnsety International-ի մասնագետները նաեւ նշում են, որ այն դեպքերում, երբ կինը ընտանիքում իր դեմ կիրառված բռնության մասին հայտարարությամբ դիմում է ոստիկանությանը, վերջինը, որպես կանոն, գերադասում է բողոքին որեւէ ընթացք չտալ: «Ոստիկանության աշխատակիցների մի մասը եւս կարծում է, որ կնոջ նկատմամբ ամուսնու կամ մեկ այլ հարազատի կողմից կիրառված բռնությունը զուտ ներընտանեկան հարց է», - ասված է զեկույցում:

Իրավապաշտպանները նշում են, որ ընտանեկան բռնության զոհերին ցուցաբերվող օժանդակությունը Հայաստանում հեռու է բավարար լինելուց. - «2002 թվականից ի վեր ստեղծվել էին մի շարք սոցիալական կենտրոններ, որտեղ ճգնաժամային իրադրության մեջ հայտնված կանայք կարող էին պատսպարվել: Դրանց մեծ մասը բացվել էր հասարակական կազմակերպությունների ջանքերով եւ զուրկ էր ֆինանսավորման հաստատուն աղբյուրից: Դա է պատճառը, որ ֆինանսական միջոցների պակասը հասարակական այդ կազմակերպություններին, ի վերջո, ստիպեց դադարեցնել կամ սահմանափակել սոցիալական կենտրոնների մեծ մասի գործունեությունը»:

Amnsety International-ի մասնագետները, սակայն, որոշակի դրական տեղաշարժ եւս Հայաստանում նկատում են: Մասնավորապես, դրական է գնահատվում այն հանգամանքը, որ քննարկվում է ընտանեկան բռնությունը որպես առանձին քրեական հանցագործություն որակելու հեռանկարը, բացի այդ` ոստիկանության որոշ ստորաբաժանումներում հատուկ այս թեմայով վարժանքներ ու պարապմունքներ են անցկացվել:

Ընտանեկան բռնության ծավալները կրճատելու համար, սակայն, ըստ Amnsety International-ի, առանցքային դեր է ունենալու պետությունը: Իրավապաշտպանները հայաստանյան իշխանություններին կոչ են անում քննության առնել ընտանեկան բռնության մասին ստացվող բոլոր բողոքները` հրաժարվելով ներկայումս առկա պրակտիկայից, երբ ներընտանեկան ճնշումների զոհերին ստիպում են չդիմել ոստիկանություն կամ էլ հրաժարվել արդեն ներկայացված բողոքներից:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG