Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Ֆինանսական ճգնաժամը որոշակի պայմաններ կթելադրի Հայաստանի տնտեսությանը»


2009 թվականին միջազգային ֆինանսական ճգնաժամը որոշակի պայմաններ կթելադրի Հայաստանի տնտեսությանը` մասնավոր տրանսֆերտների կրճատում, հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցում` մինչեւ հումքի գների բարձրացումը, շինարարության ոլորտի որոշ ներդրումային ծրագրերի հետաձգում եւ ներդրումների կրճատում: Այդ մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը, ով խորհրդարան էր եկել հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը ներկայացնելու նպատակով, անդրադարձավ համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամին դիմակայելու` Հայաստանի կառավարության առջեւ ծագած խնդիրներին:

Նա ասաց, որ ստեղծված իրավիճակում հույսեր է կապում հեռանկարային ծրագրերի հետ. - «Տնտեսական աճին էապես խթանելու է նոր ատոմակայանի եւ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Համահայկական բանկի եւ ներդրումային հիփոթեքային հիմնադրամների ստեղծումը»:

Ճգնաժամի հետեւանքները հաղթահարելուն ուղղված քայլերի շարքում Տիգրան Սարգսյանը նշեց, որ ծրագրեր կան նաեւ «Զվարթնոց» եւ Գյումրիի օդանավակայաններում ազատ տնտեսական գոտիների ստեղծման վերաբերյալ, քննարկվում է Համաշխարհային բանկից շուրջ 800 միլիոն դոլարի վարկերի ներգրավման հնարավորությունը, սպասվում են հատկացումներ Զարգացման ասիական բանկից, այդ թվում` Մեղրի-Բաթումի ավտոմայրուղու կառուցման նախաձեռնության համար:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG