Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր կուսակցությունը հայտարարում է, թե «ժողովուրդը չի լիազորել իշխանություններին բանակցել իր անունից»


Հայ ազգային կոնգրեսին անդամակցող քաղաքական ուժերից Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչությունն այսօր հայտարարություն է տարածել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որում, մասնավորապես ասված է. - «Հայաստանի ժողովուրդը այսօրվա իշխանություններին չի լիազորել իր անունից բանակցել եւ ստորագրել միջազգային պայմանագրեր: Ցանկացած նման փաստաթուղթ անօրինական է, եւ պատասխանատվությունը դրվելու է այն ստորագրել պարտադրող միջազգային կառույցների վրա: Իրական կոնֆլիկտի կողմը Ղարաբաղն է, եւ նա որեւէ որոշումով ոչ միայն ապօրինի իշխանություններին, այլեւ Հայաստանին չի լիազորել բանակցել, որոշում կայացնել իր փոխարեն»:

Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով հայտարարությունը` կուսակցության վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանը ասաց, թե Մոսկվայում ստորագրված հռչակագրով «մի խայտառակ փաստ արձանագրվեց` որ Ղարաբաղյան կոնֆլիկտը ունի երկու կողմ` Հայաստան եւ Ադրբեջան», ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղը «ամբողջությամբ դուրս մղվեց բանակցային գործընթացից»:

Կուսակցության վարչության մեկ այլ անդամի` Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի համոզմամբ, կողմերին այժմ առաջարկվող լուծումը «տանում է ուղղակի դեպի պատերազմ». - «Միջազգային կառույցները Անդրկովկասում դնում են մշտական գործող ական, որը կարող է պայթել իրենց ուզած ժամանակ: Այս ճանապարհով լուծում տալը Ղարաբաղյան կոնֆլիկտին, նշանակում է, որ հաջորդ պատերազմը լինելու է շատ ավելի դաժան, շատ ավելի կործանարար Անդրկովկասի բոլոր ժողովուրդների համար»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչն է հանգեցնելու նոր պատերազմի, Շիրխանյանը արձագանքեց. - «Հիմա պատկերացնենք այսպիսի վիճակ, որ ստորագրվում է փաստաթուղթ, որը հաստատում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պարտավորեցնում է զորքերը դուրս բերել, փախստականներին վերադարձնել: Ես վստահ եմ, որ Ղարաբաղի ժողովուրդը դա չի ընդունելու: Իսկ չընդունելը ի՞նչ է նշանակում: Չի ենթարկվելու, չի հնազանդվելու այդ որոշմանը: Սա նշանակում է պատերազմ... Սա ինձ համար միանշանակ է: Խիստ անհրաժեշտ է, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդը եւ իշխանությունները ներկայացնեն իրենց հստակ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ. համաձա՞յն են նրանք լուծման այն առաջարկներին, որոնք սեղանի վրա են»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG