Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարությունը հերքում է Գյուլի նախաձեռնության մասին հաղորդագրությունը


Թուրքիայի արտգործնախարարությունը այսօր հերքել է հաղորդագրությունը, թե երկրի նախագահ Աբդուլա Գյուլը հանդես է եկել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ:

Արտգործնախարարության խոսնակ Բուրակ Օզյուգերգինը «Անատոլիա» լրատվական գործակալությանը վստահեցրել է, որ Թուրքիան նման ջանքեր չի գործադրում:

«Անշուշտ, ուրախ կլինեինք Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների այցով: Սակայն այս պահին նման ջանքեր չեն գործադրվում», - հայտարարել է Օզյուգերգինը:

Թուրքական «Զաման» թերթի հաղորդման համաձայն` նախագահների եռակողմ հանդիպման առաջարկը Գյուլը արել էր չորեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, եւ վերջինս դրական էր արձագանքել:

Վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը` «Զաման»-ը գրել էր, որ թուրքական կողմը պատրաստվում է առաջարկը փոխանցել նաեւ Հայաստանին:

Որպես առաջիկա մի քանի ամսվա ընթացքում կայանալիք հանդիպման հավանական վայր աղբյուրը նշել էր Ստամբուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG