Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը եւ «ժառանգություն» կուսակցությունը կմասնակցեն փաստահավաք խմբի աշխատանքներին


Հայաստանյան ընդդիմության առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը եւ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած, Ազգային ժողովում ներկայացված միակ ընդդիմադիր քաղաքական ուժը` «Ժառանգություն» կուսակցությունը երեկ տարածած հայտարարությամբ հայտնել են մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու համար ստեղծվող փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության մասին։

«Հաշվի առնելով մարտի 1-ի ոճրագործության լիակատար բացահայտման եւ մեղավորներին արդարադատության առաջ կանգնեցնելու կարեւորությունը, ինչպես նաեւ դիտարկելով փաստահավաք խումբը որպես միջոց այդ ճշմարտության բացահայտման եւ հանրությանը անաչառ զեկույց ներկայացնելու համար, Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն» կուսակցությունը հայտնում են Փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելու պատրաստակամության մասին։ Հայ ազգային Կոնգրեսը կներկայացնի Անդրանիկ Քոչարյանը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը», - ասված է Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության համատեղ հայտարարությունում:

Հայտարարություն հեղինակները, այդուհանդերձ, նշում են. - «Մարտի 1-ի իրադարձությունների անկախ, վստահելի եւ թափանցիկ հետաքննության անցկացման՝ հայ հասարակության եւ Եվրոպայի խորհրդի պահանջը կատարելուն ուղղված` հոկտեմբերի 23-ի «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը» կարգադրությունը չի բավարարում այդ պահանջին եւ չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը»։

Վերոնշյալը հիմնավորվում է կոնկրետ օրինակներով. - «Կարգադրությունը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ՀՀ նախագահի լիազորություններին, ապահովված չեն հետաքննության անկախությունը, թափանցիկությունը եւ վստահելիությունը, փաստահավաք խումբը, ըստ էության, զրկված է 2008 թվականի մարտի 1-ին պետական պաշտոն զբաղեցրած, այնուհետեւ պաշտոնաթող եղած անձանց պարտադիր ներկայանալու եւ պարզաբանումներ տալու հիմքով նիստերին հրավիրելու լիազորությունից»։

«Միեւնույն ժամանակ մենք պահանջում ենք մեկամսյա ժամկետում համապատասխանեցնել փաստահավաք խմբի գործունեության իրավական հիմքերը վերոնշյալ պահանջներին։ Առաջարկում ենք նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին եւ Ազգային ժողովի պատգամավորներին վիճարկել կարգադրության սահմանադրականությունը Սահմանադրական դատարանում», - գրում են հայտարարության հեղինակները։ - «Հայտարարում ենք, որ եթե մեկամսյա ժամկետում չկատարվի առնվազն միջազգային փորձագետներին խմբում ներգրավելու պահանջը, ապա մենք կվերաքննարկենք Փաստահավաք խմբի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարությունը: Հայտարարում ենք նաեւ, որ կաշկանդված չենք մեր ներկայացուցիչների մասնակցությունը կասեցնելու հարցում, եթե վերջինների կամ խմբի աշխատանքները խոչնդոտվեն կամ նրանք ենթարկվեն տարաբնույթ ճնշումների»:

Լրագրողների հետ հանդիպմանը, որտեղ հրապարակվեց համատեղ հայատարարությունը, Հայ ազգային կոնգրեսի մամլո քարտուղար Արման Մուսինյանը եւ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը ներկայացրեցին փաստահավաք խմբում իրենց անդամներին:

Մասնագիտությամբ ճարտարագետ-կիբեռնետիկ Անդրանիկ Քոչարյանը 90-ականների սկզբներին զբաղեցրել է ներքին գործերի փոխնախարարի, ապա` պաշտպանության փոխնախարարի պաշտոնները, 1994-ից 96-ը հանդիսացել է Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչը Շիրակի մարզում: 2000-ին զբաղեցրել է պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով վարչապետի խորհրդականի պաշտոնը: Ներկայումս Անդրանիկ Քոչարյանը «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հասարակական կազմակերպության վարչության անդամ է:

Փաստահավաք խմբում «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, մարտի 1-ի գործերով արդեն լուրջ փորձառություն ունի, հմուտ փաստաբան է, եւ առհասարակ` նրա ակտիվում կա արդարացման 7 դատավճիռ, ինչը, Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, Հայաստանի պայմաններում շատ կարեւոր ցուցանիշ է:

Հիմնավորելով իրենց մասնակցության անհրաժեշտությունը` Լարիսա Ալավերդյանը ասաց. - «Մենք համաձայն ենք, որ մտնելով այդ գործընթացի մեջ եւս մեկ անգամ փորձենք իմիտացիոն գործընթացներից անցնել իրական գործընթացների: Իրապես մենք սրանով իշխանություններին հնարավորության ենք տալիս փրկել դեմքը, երկրի` առաջին հերթին»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ կանխատեսումներ ունեն խմբի գործունեության վերաբերյալ, Մուսինյանը արձագանքեց. - «Փորձը մեզ ստիպում է լինել հոռետես, բայց ե’ւ Հայ ազգային կոնգրեսը, ե’ւ «Ժառանգություն» կուսակցությունը իրենց համապատասխան քայլը արել են... Նույնիսկ այդ դիմադրության պայմաններում, վստահ եղեք, լինելու են շատ աղմկահարույց բացահայտումներ»:

«Մեզ սպասվում է շատ դժվար գործընթաց», - նույն հարցին ի պատասխան ասաց Լարիսա Ալավերդյանը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG