Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք»-ին հարցազրույց է տվել պատգամավոր Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ): Նա ասում է. - «Հանրապետական կուսակցությունը դեմ է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը լինի անկախ Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենան ընդհանուր ցամաքային սահման, եւ պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Այս երեք կետերը ամրագրված են Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում: Այսինքն` սրան ձայն է տվել բնակչության մեծամասնությունը: Մենք անթույլատրելի ենք համարում միակողմանի զիջումները եւ տալիս ենք այն կետերը, որտեղ մենք զիջում չենք տեսնում: Սակայն դրանից դուրս, բնականաբար, փոխզիջումներ կարող են լինել, որովհետեւ քաղաքակիրթ աշխարհում ցանկացած պայմանագիր կնքվում է փոխզիջումների արդյունքում»:

lragir.am-ը գրում է. - «Բանն այն է, որ Ղարաբաղի հարցում չկա փոխզիջում հասկացություն: Խոսքը զիջման մասին է: Չկա համարժեք զիջում: Ենթադրենք մենք զիջում ենք տարածքները, Ադրբեջանը զիջում է Ղարաբաղը: Արդյո՞ք դա համարժեք է: Առաջին հայացքից միգուցե այո: Նույնիսկ թվում է, որ մենք շատ ավելի քիչ ենք զիջել, քանի որ Ադրբեջանին ենք տվել ընդամենը այն, ինչ առանց այն էլ Ադրբեջանինն էր, փոխարենը կարողացել ենք հասնել Ղարաբաղի անկախության ճանաչմանը եւ դեռ մեզ ենք պահում ադրբեջանական Լաչինը... Երկարաժամկետ առումով ակնհայտ է, որ խոսքը ընդամենը հայկական կողմի զիջման մասին է: Ի դեմս տարածքների վերադարձման, մենք ունենում ենք ռազմավարական, ռազմաքաղաքական դիրքի կորուստ: Ի՞նչ է կորցնում Ադրբեջանը: Շատերը կասեն, թե Ադրբեջանն էլ կորցնում է Ղարաբաղն ու Լաչինը: Այո, կարճաժամկետ առումով` այո: Փոխարենն Ադրբեջանը Հայաստանի հանդեպ ձեռք է բերում ռազմաստրատեգիական ավելի նպաստավոր պայմաններ, քան այժմ: Ընդ որում, դրանք Ադրբեջանին Հայաստանի եւ Ղարաբաղի հանդեպ տալիս են թե ժողովրդագրական, թե տնտեսական, թե նաեւ ռազմական առավելության հիանալի հնարավորություն»:

«Հայոց Աշխարհ-ը քննարկում է «Միացում» շարժման ստեղծման պատճառները. - «Այսօր «Միացում» ստեղծելով՝ նպատակադրվել են «հակամարտության կարգավորման ներկայիս փուլի մտահոգիչ իրողությունների հանդեպ հանրային ուշադրության կենտրոնացման» խնդիրը իրականացնել։ Մինչդեռ 1997-ին իրավիճակն առավել քան մտահոգիչ էր, բայց արձագանքը զրոյական. հանրային նախաձեռնությունների առումով «թպրտալու» ցանկություն ունեցողներ ինչ-որ չհայտնվեցին։ Առավել եւս ազատագրված տարածքների «պաշտպանների» կողմից։ Բա որտե՞ղ էիք քաջազուններ 11 տարի առաջ, չէ՞ որ, ախր, մազ էր մնացել, որ Լեւոր Տեր-Պետրոսյանն ձեր արյունով ձեռք բերվածը հենց այնպես փեշքեշ աներ Ալիեւի հորը։ Ոչ մեկը չհայտնվեց, բացի «հայտնի ուժերից», որոնք էլ ի վերջո գահընկեց արեցին Լեւոն Էֆենդուն»։

«Իրավունք դե ֆակտո»-ին բացառիկ հարցազրույց է տվել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք 102-րդ ռազմաբազայի ծավալման, նոր տեղաբաշխման հարցը, ասենք, Իջեւանի մերջակայքում, Օհանյանը պատասխանել է. - «Որեւէ նոր տեղաբաշխման մասին խոսք չի եղել: Ռազմաբազային տեղաբաշխման վայրերը համապատասխանում են նրա կառուցվածքային կատարելագործման խնդիրների լուծմանը: Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմաբազա եւ նոր ռազմաբազայի տեղակայումը բացառվում է»: «Ինֆորմացիա կա, որ Ղարաբաղի անվտանգության գոտում խաղաղապահություն կիրականացնի ռուսական 58-րդ բանակը: Ծանո՞թ եք այդ տեսակետին» հարցին նախարարը արձագաքել է. - «Ոչ: Կարծում եմ, վերջին տարիներին Ղարաբաղը հակամարտությունների միակ վայրն է, ուր առանց երրորդ ուժի պահպանվում է զինադադարը: Եվ փառք Աստծո, որ Ղարաբաղի բանակը այդքան պատրաստ է նման խնդիրների լուծմանը: Այսօրվա ֆորմատն էլ վատը չէ: Ղարաբաղյան բանակը 94 թվականից լավագույնս իրականացնում է այդ խնդիրները»:

Իսկ «Հրապարակ»-ը Սեյրան Օհանյանի մասին գրում է. - «Պաշտպանության նախարարության նոր շենքում Սեյրան Օհանյանն արգելել է վարչության պետերին նախարարի լուսանկարից բացի այլ լուսանկար պատին փակցնել: Բոլորին պարտադրվել է հավաքել Վազ,են Սար,սյանի նկարները, իսկ հանրապետության նախա,ահի ֆոտոն կաբինետում ունենալու իրավունք են ստացել միայն նախարարը, տեղակալը եւ գեներալական անձնակազմը: Սակայն Վազգեն Սարգսյանի մարտական ընկերներից ոմանք հրաժարվել են կատարել պահանջը եւ պահել են Սպարապետի նկարը... Նախարարի կարգադրությամբ վարչության պետերից ներքեւ իրավունք չունեն տեղադրել նաեւ հայկական եռագույնը»:

«Առավոտ»-ը գրում է. - «Սխալ կլինի պնդել, որ «մարտի 1»-ին օբյեկտիվ եւ համակողմանի գնահատական չտալու պատասխանատվությունը նույնպես «պարիտետային է»: Երկու աղբյուրները հավասարազոր չեն. ընդդիմությունն իրավունք ունի լինել կողմնորոշված, աչառու, քաղաքականացված, իրավապահ մարմինները՝ ոչ: Ոստիկանության ղեկավարների, քննիչների, դատավորների գործը ոչ թե ամեն րոպե նախագահական նստավայր վազելն ու այնտեղից ցուցումներ ստանալն է, առավել եւս՝ ոչ թե սեփական «կանտորաների» հանցագործությունները կոծկելն է, այլ՝ միմիայն օրենքի տառով ու ոգով աշխատելը: Բայց քանի որ նրանցից յուրաքանչյուրի խղճին բազմաթիվ մեղքեր կան, նրանք ապրում են «իշխանությունների ողորմածությամբ» եւ ստիպված են գործել համապատասխանաբար»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG