Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Բանակցությունները բավական կարեւոր փուլում են գտնվում»


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի համոզմամբ, ղարաբաղյան հարցում «կարգավորում կարող է լինել` եթե Ադրբեջանը դրսեւորի քաղաքական կամք»:

Լրագրողների հետ հանդիպմանը այսօր, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել առաջիկա 2-3 ամիսների ընթացքում, արտգործնախարարը ասաց. - «Իրականության մեջ մենք կարող ենք լուծման գնալ Ադրբեջանի հետ, եւ այդ հնարավորությունը կլինի, եթե Ադրբեջանը արտահայտի քաղաքական կամք եւ գնա համապատասխան լուծման ուղղությամբ, այլ ոչ թե խանգարիչ գործողություններով տարբեր միջազգային կազմակերպություններում եւ նաեւ զուգահեռ աշխատանքներով, հայտարարություններով, որոնց, մենք եթե պատասխանենք այդ նույն ոճով, ապա ընդհանրապես այդ գործընթացը կկանգնի, չի շարունակվի»:

Էդվարդ Նալբանդյանի խոսքով, Հայաստանը բազմիցս զսպողական մոտեցում է ցուցաբերել, քանի որ Հայաստանը «իսկապես հարցը լուծելու մեծ ցանկություն ունի» եւ լուրջ է վերաբերում բանակցություններին. - «Գտնում ենք, որ բանակցությունները բավական կարեւոր փուլում են գտնվում: Բանակցությունները կարող են առավել ակտիվանալ հատկապես Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի այս նախաձեռնությունից հետո: Հուսով ենք, որ նախագահների հանդիպումը եւս մեկ լուրջ խթան կհանդիսանա բանակցությունները արագացնելու»:

Հայաստանի արտգործնախարարը ասաց, որ նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով վաղը Մոսկվայում կայանալու է երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը: Հաջորդ օրը արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կհանդիպեն Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչից հետո հնարավոր է, որ համանախագահները այցելեն տարածաշրջան:

Արտգործնախարարի փոխանցմամբ, Մոսկվայից նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է Ֆրանսիա, որտեղ նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, ամենայն հավանականությամբ, կքննարկի նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը:

Էդվարդ Նալբանդյանը այսօր հերքեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հոկտեմբերի 17-ի հանրահավաքում հնչեցրած միտքը, թե վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականությունը կտրուկ շրջադարձ է կատարել դեպի Արեւմունք, եւ Հայաստանը թուլացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:

«Եթե ինչ-որ փոփոխություն մեկը նկատում է Ռուսաստանի հետ հարաբերությունների մեջ, ապա ես վստահեցնեմ, որ այդ փոփոխությունը կարող է լինել միայն առավել ամրապնդելու, ընդլայնելու եւ խորացնելու մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները», - ասաց արտգործնախարարը:

Հայաստանյան մամուլի եւ մի շարք վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան պայմանավորված է նրանով, որ տարածաշրջանում դիրքերը վերջնականապես չկորցնելու համար Ռուսաստանը ձգտում է Ղարաբաղյան հարցի կարգավորման դեպքում հակամարտության գոտում տեղակայել հենց իր խաղաղապահներին: Խաղաղապահների հարցում, ըստ Էդվարդ Նալբանդյանի, Հայաստանի դիրքորոշումը հետեւյալն է. - «Երբ գա այն փուլը, երբ արդեն քննարկվեն ուժերի տեղակայման` խաղաղապահ ուժերի կամ անվտանգության ապահովման ուժերի, հարցը, այն ժամանակ դա լուրջ կքննարկվի, եւ կորոշվեն, թե ինչ ուժեր կմասնակցեն: Բայց չեմ կարծում, որ այնտեղ մեկ երկրի ուժ պետք է լինի: Միջազգային ուժեր են, ուրեմն համապատասխան միջազգային ներկայություն պետք է լինի, մի քանի երկրների ուժերի ներկայություն»:

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի տարբեր մոտեցումները, Նալբանդյանը շեշտեց, որ հանգուցալուծման հասնելու դեպքում, երբ այդ համաձայնությունը ներկայացվի ժողովրդին, «բնականաբար, պետք է իր խոսքը ասի ոչ միայն Հայաստանի, այլեւ Ղարաբաղի ժողովուրդը»:

Հայաստանի արտգործնախարարի համոզմամբ, հայերն ավելի են պատրաստ կարգավորմանը, քան ադրբեջանցիները. - «Համեմատելով Ադրբեջանի հանրային կարծիքի հետ, մեզ մոտ ավելի պատրաստ են, քան Ադրբեջանում: Գոնե մեզ մոտ թշնամանք չկա այդ աստիճանի, ինչքան որ Ադրբեջանում է քարոզվում: Գոնե մեզ մոտ ժողովրդի 82 տոկոսը դեմ չէ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությանը: Գոնե մեզ մոտ 30 տոկոսը չի ցանկանում պատերազմի միջոցով լուծել այս հարցը: Այսինքն` մենք իհարկե ավելի պատրաստ ենք: Բայց Ղարաբաղի հարցում, եթե մենք գանք ինչ-որ եզրահանգումների, որ մենք արդեն գնում ենք լուծումների, այդ հարցը կդրվի ամենալուրջ քննարկման ժողովրդի մակարդակով, եւ որեւէ մեկը, որեւէ ղեկավար չի կարող, առանց ժողովրդի կարծիքը նկատի ունենալու, ինչ-որ հարցերի լուծման գնալ»:

Դեկտեմբերին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը վերաբերող հարցին Նալբանդյանը պատասխանեց, թե ինքը հանդիպման հրավեր դեռ չի ստացել. երբ ստանա` կմտածի: Ապա հարկ համարեց հերքել իր բնորոշմամբ` ասեկոսեները, թե Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում Ղարաբաղի հարցը քննարկվել է. - «Իհարկե, Թուրքիայի միջնորդության մասին խոսք չի գնում Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի մեջ: Թուրքիան կարող է աջակցել այդ պրոցեսին` արդեն կարգավորելով հարաբերությունները Հայաստանի հետ, բացելով սահմանները Հայաստանի հետ: Եվ միգուցե հնարավորություն ունի նաեւ որոշ ազդեցության Ադրբեջանի դիրքորոշման վրա, որպեսզի Ադրբեջանը ավելի կառուցողական դիրքորոշում ունենա բանակցությունների ընթացքում: Այո, այդ իմաստով Թուրքիան կարող է օգտակար դեր կատարել»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG