Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանին Ստեփանավանի քաղաքապետի սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել


Լոռու մարզի Ամրակից գյուղի «Դրախտ» ռեստորանում անցած ուրբաթ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության մարզային քննչական բաժինը երեկ մեղադրանք է առաջադրել Արմեն Գրիգորյանին 34-104/2 հոդվածների` սպանության փորձ կատարելու հատկանիշներով: Նույն օրը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գրիգորյանին կալանելու վերաբերյալ որոշում է կայացրել: Գրիգորյանը, սակայն, դեռեւս հիվանդանոցում է:

Հոկտեմբերի 24-ին ժամը 21-ի սահմաններում Ստեփանավանի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին պատկանող «Դրախտ» ռեստորանում վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքապետի եւ քաղաքի բնակիչներ Արմեն Գրիգորյանի, Արթուր Աղաջանյանի ու Արծրուն Հակոբյանի միջեւ: Վերջիններս, ըստ դատախազության, իրենց վեց ընկերների հետ միասին ռեստորան էին գնացել Աղաջանյանի կնոջը, ով նաեւ Գրիգորյանի քույրն է, աշխատանքից ազատելու վերաբերյալ Ղարաքեշիշյանից պարզաբանումներ ստանալու նպատակով:

Վիճաբանության ժամանակ Գրիգորյանը երկու անգամ դանակահարել է Ղարաքեշիշյանին՝ դեմքի եւ պարանոցի շրջանում նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Հարձակումներից պաշտպանվելու նպատակով Ղարաքեշիշյանը կրակել է իրեն ամրակցված «Վիկինգ» տեսակի ատրճանակից, ինչի հետեւանքով Գրիգորյանը, Հակոբյանը եւ Աղաջանյանը մարմնական վնասվածքներ են ստացել:

Միջադեպից հետո Ղարաքեշիշյանը, Գրիգորյանը, Աղաջանյանն ու Հակոբյանը տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG