Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 4 տարի պատրաստվե՞լ է Վրաստանի հետ պատերազմին


Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք նրա երբեմնի խորհրդական, ներկայումս Կրեմլին տարբեր առիթներով խիստ քննադատող անվանի տնտեսագետ Անդրեյ Իլարիոնովը Le Monde ֆրանսիական պարբերականում երեկ հրապարակած հոդվածում պնդում է, որ Ռուսաստանը 2004 թվականից սկսած պատրաստվել է հարված հասցնել Վրաստանին:

Իլարիոնովի կարծիքով` օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած կարճատեւ բախումը դարձավ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդ տարածաշրջանում ամենախոշոր ցնցումը: Տնտեսագետը գրում է, թե Մոսկվան չորս տարի շարունակ որոնել է Միխեիլ Սահակաշվիլիին գահընկեց անելու ուղիներ, սակայն Վրաստանի նախագահը Ցխինվալիի վրա իրագործած հարձակմամբ խափանել է Կրեմլի այդ ծրագրերը:

«Ռուսաստանի նպատակն էր տապալել Սահակաշվիլիին, զինված բախումներով ուղեկցվող հեղափոխության կամ պետական հեղաշրջման քողի տակ ներխուժել Թբիլիսի: Այդօրինակ սցենար 1990-ականներին Կովկասում արդեն գործարկվել է, եւ այն ժամանակ արտասահմանում դա քչերին է անհանգստացրել», - գրել է Իլարիոնովը` ակնարկելով 1993 թվականին Ադրբեջանում տեղի ունեցած իրադարձությունները:

Իլարիոնովի կարծիքով` Սահակաշվիլիից «ազատվելու» ցանկությունը Մոսկվայի մոտ ի հայտ է եկել, երբ Վրաստանի ղեկավարը կարողացել է վերականգնել Թբիլիսիի հսկողությունը Աջարիայի նկատմամբ եւ սկսել է եվրատլանտյան կառույցների հետ մերձեցմանն ուղղված տնտեսական բարեփոխումները:

2008 թվականին Ռուսաստանը զորավարժությունների պատրվակով մեծ թվով ուժեր է տեղակայել Հարավային Օսիայի սահմանի մոտ: Օգոստոսի 7-ին, երբ Ցխինվալին վրացական ուժերի կողմից դեռ չէր ենթարկվել հարձակման, ռուսներն այնտեղ արդեն ունեցել են շուրջ 20 հազար զինծառայող եւ 200 տանկ, մինչդեռ վրացիները շրջանում ունեցել են ընդամենը 4 հազար զինվոր եւ 42 տանկ:

Իլարիոնովի համոզմամբ, օգոստոսի 7-ին անելով առաջին քայլը` արձակելով Ցխինվալիի վրա գրոհելու հրամանը՝ Սահակաշվիլին զոհաբերել է երեք բան՝ իր բանակը, իր արժանապատվությունը եւ երկու անջատողական տարածք: Դրա դիմաց նա ձեռք է բերել երեք բան՝ ողջ է մնացել, պահպանել է իշխանության կառուցվածքը եւ ապահովել է Արեւմուտքի լուրջ ֆինանսական աջակցությունը իր բարեփոխումներին:

Անդրեյ Իլարիոնովը վստահ է, որ Ռուսաստանը, բոլոր դեպքերում, շարունակելու է Սահակաշվիլիին գահընկեց անելու փորձերը, սակայն այսօրվա դրությամբ ԱՊՀ-ի տարածքում արդեն հայտնվել է մեկ այլ թույլ օղակ՝ Ուկրաինան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG