Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան. Հոկտեմբերի 27-ի բացահայտմանը խոչընդոտում է «մեղսակցությունը»


Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Համաժողովրդական շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը գործող իշխանության օրոք չի բացահայտվի:

«Այն իշխանությունը, որը այդ հանցանքները գործել է, ո՞նց պիտի բացի: Քանի այդ իշխանությունը կա` չի բացահայտվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տեր-Պետրոսյանը: - «Որպեսզի բացահայտվի` դրա համար պետք է ժողովրդավարություն լինի, անկախ դատարան լինի, պետք է օրենքի գերակայություն լինի... բաներ, որ Հայաստանի համար հրաշքներ են, գոյություն չունեն»:

Բացահայտմանը, ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, խանգարում է «մեղսակցությունը». - «Անգամ եթե թաքցրել են, խանգարել են հետաքննությանը, չեն ապահովել անաչառ դատարանի վճիռ, դա արդեն մեղսակցություն է... Եվ դա պիտի մոտիվ ունենա...»:

Առաջին նախագահի համոզմամբ, չեն բացահայտվի նաեւ մարտի 1-ի ողբերգության մեղավորները. - «Չի բացահայտվի, քանի դեռ այս իշխանությունն է... Այս իշխանությունն է գործել այդ ոճիրը, ինչպե՞ս կբացահայտի»:

Խոսելով մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության կապակցությամբ փաստահավաք խմբի ստեղծման մասին` առաջին նախագահը ասաց. - «Ինչ որ մեզնից է կախված` մենք կանենք: Դեռ մենք որոշում չենք կայացրել` մասնակցել [փաստահավաք խմբի աշխատանքին], թե ոչ: Եթե անգամ մասնակցենք, մեր բոլոր հնարավորությունները կօգտագործենք: Բայց դա բավարար չէ... Իրենց դատարանները պիտի վճիռ կայացնեն... Իրենց հանձնաժողովը պիտի վերջնական գնահատականը տա»:

«Հանձնաժողովին (փաստահավաք) մասնակցելու ենք, երեւի... դեռ չենք որոշել», - շարունակեց Տեր-Պետրոսյանը` հավելելով. - «Այս փաստահավաքն էլ անկախ չէ: Սա ստորադասված է այսօր գործող խորհրդարանական հանձնաժողովին... Ի՞նչ պահանջ էր դրել Եվրախորհրդի բանաձեւը. երեք պահանջ` ստեղծել անկախ, թափանցիկ եւ վստահելի հանձնաժողով: Հիմա այս կարգադրությամբ Սերժի [Սարգսյան] երկու պահանջը բացարձակապես բավարարված չէ. անկախ չէ այս հանձնաժողովը... Թափանցիկ չէ. այս կարգադրության մեջ խստիվ արգելվում է լուսաբանել այդ հանձնաժողովի աշխատանքը: Վստահելիությունը որոշ չափով, կարելի է ասել, բավարարված է, որովհետեւ ինչ-որ համամասնություն ապահովված է հանձնաժողովի կազմում: Բայց` ոչ լրիվ, որովհետեւ նախնական պայմանավորվածությամբ, պիտի լիներ նաեւ երրորդ կողմ... Երրորդ կողմը միջազգային փորձագետներն էին... այստեղ չկա»:

«Վստահելիության պայմանը բավարարված է 50 տոկոսով... Այս հանձնաժողովը պիտի փոխարիներ այսօրվա խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին: Սա էր ամբողջ իմաստը», - ասաց Տեր-Պետրոսյանը:

Հայաստանի առաջին նախագահը չբացառեց արտահերթ հանրահավաքների հնարավորությունը. - «Հնարավոր են: Իրավիճակը կարող է ամեն պահ փոխվել... Մեզ համար երբեք հանրահավաքները ինքնանպատակ չեն եղել»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG