Մատչելիության հղումներ

Սամվել Ֆարմանյան. «Անհասկանալի է, թե ինչ է նշանակում «երկրորդ ռուսական ռազմակայան»


«Մեզ համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում «երկրորդ ռուսական ռազմակայան», - հայտարարեց Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ճի՞շտ են արդյոք հրապարակումները, որ Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանում` Իջեւանի մոտ, Վրաստանին եւ Ադրբեջանին սահմանակից տարածքում տեղակայել նոր` երկրորդ ռազմակայան, եւ արդյոք նման հարց քննարկվե՞լ է:

Նշելով, որ ծանոթ է հարցի վերաբերյալ առանձին լրատվամիջոցներով տարածված հրապարակումներին, նախագահի մամլո քարտուղարը ընդգծեց. - «Ինչպես գիտեք, այսօր Հայաստանում տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմակայանը: Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման եւ տեղաբաշխման հետ կապված իրավապայմանագրային հիմքերը սահմանված են «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» 1995 թվականի մարտի 16-ին ստորագրված եւ 1997 թվականի օգոստոսի 29-ին ուժի մեջ մտած պայմանագրով, ինչպես նաեւ 1996 թվականի սեպտեմբերի 27-ի` «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի եւ ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրով: Ամեն ինչ հստակ է եւ կարգավորված: Երկու դաշնակից պետությունների միջեւ ռազմական բնագավառում համագործակցությանն առնչվող որեւէ հարցի քննարկում տարակուսանք չպետք է առաջացնի, իսկ 102-րդ ռազմակայանի մարտունակության բարձրացման ու դրված խնդիրների իրականացման արդյունավետության ավելացման հետ կապված քննարկումներ միշտ էլ լինում են: Գործող իրավապայմանագրային բազան ենթադրում է, որ ռազմակայանի ստորաբաժանումների տեղաբաշխման վայրերի փոփոխությունները կյանքի են կոչվում համապատասխան համաձայնագրում արձանագրությունների միջոցով փոփոխությունների կամ լրացումների կատարմամբ: Նման փոփոխություններ ու լրացումներ կատարվել են 2000, 2003, 2005 եւ 2007 թվականներին ստորագրված արձանագրություններով եւ այս տարիների ընթացքում ռազմակայանի տեղաբաշխման կետերի փոփոխություն միշտ էլ եղել է ու այստեղ տարօրինակ ոչինչ չկա»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG