Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրեց Փաստահավաք խմբի ստեղծման վերաբերյալ կարգադրությունը


Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կարգադրություն է ստորագրել մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանը եւ բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` կարգադրությունը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Համաձայն փաստաթղթի` խմբի աշխատանքները նպատակ ունեն օժանդակել «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի կողմից իր առջեւ դրված խնդիրների իրագործմանը:

Խումբը բաղկացած է հինգ անդամից, որոնք առաջադրվում են իշխող քաղաքական կոալիցիայի, «Ժառանգություն» կուսակցության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի կողմից. իշխող քաղաքական կոալիցիայի կողմից` երկու, «Ժառանգություն» կուսակցության եւ Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի կողմից` մեկական անդամ: Խմբի մեկ անդամն առաջադրվում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Խմբի անդամներն առաջադրվում են հանրապետության նախագահին` փաստաթուղթն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում: Խմբի անդամները համարվում են նշանակված եւ խումբը համարվում է ձեւավորված, եթե առաջադրվել է ոչ պակաս, քան երեք անդամ:

Բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նշանակվող անդամի, խմբի անդամ կարող են նշանակվել իրավագիտության ոլորտում հեղինակություն եւ բարձր փորձառություն ունեցող անձինք, որոնք պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում չեն զբաղեցնում պաշտոն: Խմբի անդամները չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավոր կամ որեւէ կուսակցության անդամ կամ հարել որեւէ քաղաքական ուժի:

Խմբի գործունեության ժամանակահատվածում խմբի անդամներն անկախ են եւ չեն կարող ենթարկվել պատասխանատվության իրենց խնդիրների եւ նպատակների իրագործման կամ զեկույցի բովանդակության համար:

Խմբի աշխատանքն իր գործունեության ամբողջ ընթացքում լուսաբանման ենթակա չէ: Խմբի նիստերն անցկացվում են դռնփակ: Խմբի անդամներն իրավունք չունեն զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ մեկնաբանել կամ բացահայտել խմբի կողմից քննարկվող հարցերը, կատարված աշխատանքները, ձեռք բերված փաստերը, խմբի կամ դրա անդամների կարծիքները կամ որեւէ այլ տեղեկատվություն` կապված խմբի գործունեության հետ:

Իր առջեւ դրված խնդիրների իրականացման արդյունքում խումբը «Մարտի 1»-ի հանձնաժողովին ներկայացնում է զեկույց, որը կարող է ներառել հատուկ կարծիք: Զեկույցը միաժամանակ հրապարակվում է խմբի կողմից սահմանված կարգով եւ շրջանակներում:

Խմբի գործունեությունը, ներառյալ՝ խմբի անդամների վարձատրությունը եւ մյուս ծախսերը, որոնք անհրաժեշտ են խմբի գործունեությունն ապահովելու համար, ֆինանսավորվում է նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին:

Խումբը իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար իրավունք ունի, մասնավորապես, ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել եւ uտանալ մարտի 1-2-ի իրադարձություններին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաuտաթղթեր; պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից եւ պետական ծառայողներից, բացառությամբ դատարանների ու դատավորների, uտանալ այդ իրադարձության վերաբերյալ պարզաբանումներ; ֆիզիկական անձանցից եւ կազմակերպություններից ստանալ փաստաթղթեր եւ բացատրություններ` վերջիններիս համաձայնության դեպքում; իրավաuու պետական մարմիններից պահանջել անցկացնելու հետազոտություններ եւ տրամադրել փորձագիտական եզրակացություններ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ; ծանոթանալ քրեական, վարչական եւ կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները եւ որոշումներն oրինական ուժի մեջ են մտել, ինչպեu նաեւ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է քրեական գործերի հարուցումը; փաստահավաք առաքելության ընթացքում հայտնաբերված այնպիսի տեղեկությունները, որոնք կարող են հիմք հանդիսանալ անձին քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, դրանք հիմնավորող փաստաթղթերի հետ փոխանցել համապատասխան մարմնին, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվությունը տրամադրվել է ֆիզիկական անձի կամ կազմակերպության կողմից` դրանք չհրապարակելու պայմանով; փաստահավաք գործընթացում ներգրավել մասնագետների, այդ թվում` միջազգային փորձագետների; անցկացնել դռնփակ նիստեր; դիմել զանգվածային լրատվության միջոցներին, հեռուստառադիոընկերություններին` տրամադրելու տեղեկություններ, ներառյալ` տեսագրություններ, ձայնագրություններ եւ այլ նյութեր, որոնք կարող են առնչվել մարտի 1-2-ի իրադարձություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG