Մատչելիության հղումներ

Ամերիկահայ ջութակահար Միխայիլ Սիմոնյանը հանդես կգա Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ


Շուրջ 70 անդամ ունեցող նվագախումբը արդեն մի քանի համերգներ է ունեցել Հայաստանում եւ արտասահմանում: Երիտասարդ երաժիշտներին հյուրընկալել են, մասնավորապես, եվրոպական մայրաքաղաքներ Բեռլինը եւ Փարիզը:

Հաջողությունների կողքին առկա են նաեւ բազմաթիվ խնդիրներ: Որոշ խնդիրների մասին հոգ է տանում մշակույթի նախարարությունը:

Միխայիլ Սիմոնյանը լրագրողներին հայտնեց, որ փորձելու է առաջիկայում նոր երաժշտական գործիքներ տրամադրել նվագախմբին. - «Ես խոստացա գործիքներ տրամադրել: Երբ տեսա, թե ինչ հնամաշ գործիքներով էին աշխատում երաժիշտները, շատ վատ զգացի: Նրանք շատ տաղանդավոր են, սակայն նման երաժշտական գործիքներով չեն կարող ցուցադրել իրենց լավագույն ունակությունները: Միացյալ Նահանգներում նվագախմբերը երաժշտական գործիքները փոխում են երկու տարին մեկ, իսկ այստեղ ես պարզեցի, որ կիրառվում էին նույնիսկ 20 տարվա վաղեմության գործիքներ: Երբ մեկնեմ Միացյալ Նահանգներ, կպայմանավորվեմ համալսարանի հետ, որ այլեւս չօգտագործվող գործիքներն ուղարկվեն Հայաստան»:

Երաժշտական գործիքների արդիականացման հարցում նվագախմբին օգնել են բազմաթիվ հայտնի կատարողներ: Նրանց թվում է նաեւ աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովը, ով մի քանի փողային գործիք է նվիրել նվագախմբին:

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ 2009 թվականին նվագախումբը պատրաստվում է համերգային շրջագայություն կատարել եվրոպական երկրներում եւ համագործակցել աշխարհահռչակ մենակատարների հետ:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG