Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյան. «Շարժումը ժողովրդինն է, ոչ մեկի սեփականություն չէ»


Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից հեռանալուց հետո գեներալ Մանվել Գրիգորյանը զբաղվում է «իր պարտականություններով` ազատամարտիկների, Երկրապահի խնդիրներով»: Այդ մասին նա հայտնեց երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում:

Երկրապահ կամավորականների միության նախագահը, ով փոխնախարարի պաշտոնից ազատվելուց հետո մինչ այժմ հրապարակային ելույթ չէր ունեցել, դիմեց ժողովրդին կոչով. - «Ասում եմ` հավատան իրենք իրենց ու պինդ կենան: Մեր երկիրն իրենցն է, ուրիշներինը չէ, անհատներինը չէ»:

Այն հարցին, թե, ի վերջո, Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը միացե՞լ է, թե՞ ոչ, Մանվել Գրիգորյանը արձագանքեց. - «Մեկն էլ լինի` ինձ միանա: Շարժումը ժողովրդինն է, ոչ մեկի սեփականությունը չէ»:

Գեներալ Գրիգորյանը վստահեցրեց, որ փոխնախարարի պաշտոնից իրեն ազատել են, քանի որ ինքն է դիմել, իսկ եթե ներքաղաքական զարգացումները նման ընթացք չստանային, միեւնույն է` հրաժարական էր տալու: Ընդ որում, նա հերքեց, թե պաշտպանության փոխնախարարի պաշտոնից իր հեռանալը կապված է երկրի ներքաղաքական իրավիճակի հետ:

Վերջին նախագահական ընտրությունները գնահատելու խնդրանքին ի պատասխան` Երկրապահ կամավորականների միության նախագահը հայտարարեց. - «Ի՞նչ գիտեմ, ժողովուրդը չի՞ ասում, չե՞ս լսել: Չես լսել` միտինգ կանեն` կգնաս կլսես: Ամեն մարդ իր արածի համար պետք է, հետ ու առաջ, պատասխան տա»:

«Ձեր կարծիքով, ո՞վ է ավելի լավ նախագահ` Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը», - այս հարցին Մանվել Գրիգորյանը հակադարձեց. - «Որին որ ժողովուրդն է ընտրում»:

«Իշխանություն, ընդդիմություն չեմ իմանում` ժողովրդի կողմից եմ», - հայտարարեց Երկրապահ կամավորականների միության նախագահը` պատասխանելով հարցին` իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության կողմնակից է:

Համաժողովրդական շարժման հնարավոր արդյունքին վերաբերող հարցին Մանվել Գրիգորյանը արձագանքեց. - «Միշտ էլ ժողովուրդը իմաստուն է, որ մի բան անում է, ուրեմն` հասկանում է ինչ է անում»:

Իսկ թե ինչու չի մասնակցում ընդդիմության հանրահավաքներին` նախկին փոխնախարարը հայտարարեց. - «Ես իմ տանն ինձ ընդդիմություն չեմ համարում»:

Ներկայիս ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումը, ըստ Մանվել Գրիգորյանի, կարող է լինել «ժողովրդի արդարությունը, ինչը որ ժողովրդինն է` վերադարձնեն իրեն. այս անկախությունը, մեր պետականությունը, մեր իշխանությունը»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին հարակից` հայկական ուժերի կողմից վերահսկվող տարածքների հնարավոր վերադարձի հետ կապված մտահոգություններին, գեներալը հայտարարեց. - «Տարածքները ժողովրդինն են, ժողովուրդն էլ այնտեղ ապրում է, ինչի՞ մասին է խոսքը»:

«Չեմ կարող նման բան մտածել անգամ: Անբարոյականություն եմ համարում, որ ինչ-որ մեկը գա` ղարաբաղցիների տեղը որոշում ընդունի», - ընդգծեց Երկրապահ կամավորականների միության նախագահը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG