Մատչելիության հղումներ

«Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրները արդեն զգում են ֆինանսական ճգնաժամի հետեւանքները»


Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի պետությունները արդեն իսկ զգում են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիեգո Կացուն:

Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ գործակցության համար պատասխանատու Կացուն նշում է, որ վերջին տասնամյակում այս տարածաշրջանում իրականացված «համակարգային մակրոտնտեսական բարեփոխումները հնարավորություն տվեցին որոշակիորեն կանխել եւ հետաձգել ֆինանսական ճգնաժամի ուղղակի ազդեցությունը»: Չնայած դրան, Համաշխարհային բանկի պաշտոնյան նշում է, որ արդեն իսկ նշմարվում են Արեւմտյան Եվրոպայում, ինչպես նաեւ Ռուսաստանում, Ղազախստանում եւ Ուկրաինայում արագորեն թափ հավաքող ֆինանսական ճգնաժամից առաջին տուժողները` արտագնա աշխատանքի մեկնածները:

«Մասնավոր տրասնֆերտները այս տարածաշրջանում իրենց ծավալով զիջում են միայն ուղղակի օտարերկրյա ներդրումներին: Եկամուտի ցածր ու միջին ծավալ ունեցող մի շարք պետությունների համար տրանսֆերտներն արտասահմանից եկող ամենալուրջ ֆինանսական ներարկումն են: Կարծում եմ, որ ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները առաջին հերթին զգալու է սոցիալապես անապահով այն խավը, որն արդեն իսկ տուժում է աշխարհում առկա պարենային ճգնաժամի ու էներգակիրների գնի աճի հետեւանքով», - հայտարարել է Համաշխարհային բանկի փոխնախագահը:

Այս պայմաններում, ըստ Կացուի, հետխորհրդային տարածքի պետությունների կառավարությունները պետք է ավելացնեն սոցիալական հատկացումները, ինչը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել ճգնաժամի հետեւանքները շարքային քաղաքացիների համար:

Համաշխարհային բանկի ավագ փորձագետ Փրադիպ Միթրայի խոսքով էլ` ստեղծված իրավիճակում առավել մտահոգիչը ԱՊՀ-ի տարածքում գրանցված սղաճն է, որը մի շարք պետություններում արդեն իսկ գերազանցել է 10 տոկոսի կրիտիկական ցուցանիշը:

«Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում կառավարությունները պետք է այնպիսի մարտավարություն ընտրեն, որը թույլ կտա արագորեն որոշումներ կայացնել` հաշվի նստելով անընդհատ փոփոխվող ֆինանսական միջավայրի հետ», - ասում է Միթրան:

Փորձագետի կարծիքով, առաջնահերթը կառավարությունների` ռիսկի գոտում հայտնված բանկերին ֆինանսական օգնություն ցուցաբերելու կարողությունն է լինելու:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG