Մատչելիության հղումներ

Հայաստան իրանական գազ կներկրվի միայն անհրաժեշտության դեպքում


Հայաստան իրանական գազ կներկրվի միայն անհրաժեշտության դեպքում, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը:

Նա հաստատեց, որ ներկայումս Հայաստան ներկրվող ռուսական գազի քանակությունը լիովին բավարարում է առկա պահանջարկը. - «Այնպես որ, լրացուցիչ քանակի գազ ներկրելու անհրաժեշտություն չունենք այս պահին»:

Ինչ վերաբերում է իրանական կողմի այն հայտարարություններին, թե Իրանը այսօրվանից կսկսի գազի արտահանումը Հայաստան, ապա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակը չցանկացավ մեկնաբանել դրանք:

Ըստ իրանական աղբյուրների` Իրանի գազի ընկերության տնօրեն Ռասուլ Սալմանին նշել էր, թե առաջին շրջանում Իրանը ավելի քիչ ծավալով գազ կմատակարարի, իսկ արդեն 2009-ին այդ ծավալը կհասնի 2,3 միլիարդ խորանարդ մետրի. դրա դիմաց Իրանը Հայաստանից կստանա 3,3 միլիարդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա:

Սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը արտգործնախարարությունում ունեցած ելույթի ժամանակ, մասնավորապես, ասել էր. - «Գազամուղը, փառք Աստծո, արդեն կառուցված է, եւ հենց վաղը մենք կարող ենք Իրանի Իսլամական Հանրապետությունից ստանալ գազ: Այդ գազատարի թողունակության ավելացման աշխատանքները, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբներին կավարտվեն, եւ Հայաստանը կարող կլինի տարեկան 2-2,5 միլիարդ խորանարդ մետր գազ ստանալ` ուղիղ այնքան, ինչքան ստանում ենք հիմա»:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով 1995 թվականին անձամբ է ստորագրել Իրանից Հայաստան գազ մատակարարելու մասին պայմանագիրը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում էներգետիկայի նախարարության այսօրվա հայտարարությունը «պարզապես ապշեցնող» համարեց:

«Գազը շոկոլադ չէ, որ երբ պետք լինի` գնաս գնես: Երբ արդեն գազը գնում ես, դրա արտադրությունը, բաշխումը այնքան հստակ է` ասենք, Իրանի կողմից, որպեսզի նորից շուկա մտնես` քեզ մի քանի տարի է պետք, մի քանի ամիս է պետք: Պարզապես ապշեցնում է պատասխանը», - ասաց նախկին վարչապետը` հավելելով. - «Հիմա իրանական գազը սպառման տեղ ունի: Ի՞նչ է նշանակում կարիքը չունենք` Իրա’նը կարիքն ունի: Իրանը մեզնից էլեկտրաէներգիա է ուզում, մենք էլ Հրազդանի ՊՇԷԿ-ում, Երեւանի ՊՇԷԿ-ում կանգնած տուրբիններ ունենք: Ստանանք գազը` արտադրենք հոսանք, տանք Իրանին, մի քիչ էլ մեզ փող կմնա»:

«Հիմա մեր մոտ իշխանությունը այնքան է կոռումպացված, որ ես չեմ զարմանա, որ չներմուծելու պատճառը որեւէ չինովնիկի այս մոտեցումը լինի` «մեջն ի՞նչ ունեմ, որ ներմուծեմ», - նշեց Բագրատյանը` շեշտելով. - «Իրանական գազը առաջին դեպքն է, երբ մենք դիվերսիֆիկացնում ենք մեր էներգետիկ ռիսկը: Եթե մենք երկու տեղից կարող ենք ստանալ` պետք է ստանանք երկու տեղից»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG