Մատչելիության հղումներ

Այսօր սկսվում է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ամենամյա ժողովը


Այսօր Վաշինգտոնում աշխատանքներն է սկսում Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ամենամյա ժողովը, որի օրակարգում աննախադեպ ֆինանսական ճգնաժամից ելք գտնելու խնդիրն է:

Ժողովին կմասնակցեն աշխարհի տասնյակ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ֆինանսների նախարարներ, կենտրոնական բանկերի նախագահներ, միջազգային խոշոր բանկերի ղեկավարներ, առաջատար տնտեսագետներ: Վաշինգտոնյան հավաքին Հայաստանից ներկա է վարչապետ Տիգրան Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը:

Անցած հինգշաբթի օրը Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է «Աշխարհի տնտեսական հեռանկարի զեկույցը», որում ասված է, թե մոլորակի տնտեսությունը հայտնվել է ֆինանսական քաոսի հորձանուտում, որից դուրս գալու համար 2009 թվականին կպահանջվի չափազանց ցավագին ու դժվարին գործընթաց:

«Սա անցած դարի 30-ականներից ի վեր աշխարհի շուկաներին պատուհասած ամենավտանգավոր ցնցումն է», - ասված է զեկույցում, որը Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստում է երկու տարին մեկ:

Զեկույցի հեղինակները վերանայել են այս տարվա հուլիսին հրապարակած միջանկյալ կանխատեսումը եւ այժմ ենթադրում են, որ 2008 թվականի տնտեսական աճը կկազմի 3,9 տոկոս, իսկ 2009-ին` ընդամենը 3 տոկոս, ինչը ամենացածր ցուցանիշն է 2002 թվականից հետո:

Ամենամյա հավաքին պատրաստվող երկու կառույցների ղեկավարներն անցած շաբաթ Վաշինգտոնում կայացած համատեղ ասուլիսում մտահոգություն են հայտնել ֆինանսական շուկայի ճգնաժամի կապակցությամբ:

«Մեր կանխատեսումներով` պարենի գնաճի արդյունքում այս տարի լրացուցիչ 44 միլիոն մարդ տուժելու է թերսնումից: Նրանց թվում երեխաներ են, որոնց համար առողջության կորուստը կունենա անդառնալի հետեւանքներ: Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ ֆինանսական ճգնաժամը վերաճի մարդկային ճգնաժամի», - ասել է Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիքը:

«Մեր համոզմամբ` իրավիճակը շատ լուրջ է, միաժամանակ հավատում ենք, որ մենք կարող ենք լուծել խնդիրները, եթե գործենք արագ, վճռական եւ միասնաբար», - հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Սթրոս-Քանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG