Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 7-ին Ուկրաինայում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր հրամանագիր է ստորագրել դեկտեմբերի 7-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Յուշչենկոն լուծարել է Գերագույն ռադան, քանի որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը նոր կոալիցիա չձեւավորեցին:

Երեկ առավոտյան խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ անցկացված խորհրդակցությունից հետո նախագահը հայտարարել էր, թե հավելյալ ժամանակ է տրամադրում կուսակցություններին նոր կոալիցիա կազմելու համար: Այդուհանդերձ, նման համաձայնություն ձեռք չբերվեց:

Ուկրաինայի կառավարող կոալիցիան փլուզվել է անցած ամիս, երբ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դաշինքը միացել էր ռուսամետ ուժերի ներկայացրած` երկրի նախագահի լիազորությունները սահմանափակող օրինագծին: Յուշչենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանված երեսնօրյա ժամկետում` մինչեւ հոկտեմբերի 7-ը, նոր կոալիցիա չձեւավորվելու դեպքում օգտվելու է խորհրդարանը լուծարելու իր իրավունքից եւ արտահերթ ընտրություններ է նշանակելու:

Երեկ երեկոյան իր հեռուստատեսային ելույթում նախագահը կոալիցիայի փլուզման համար մեղադրել է Տիմոշենկոյին:

Տիմոշենկոն, իր հերթին, հայտարարել է, թե բողոքարկելու է արտահերթ ընտրությունների վերաբերյալ Յուշչենկոյի որոշումը:

Դեկտեմբերի 7-ի ընտրությունները երրորդը կլինեն Ուկրաինայում վերջին երեք տարիների ընթացքում:

Լուծարված Գերագույն ռադան եւս ձեւավորվել էր արտահերթ ընտրություններով, որոնք անցկացվեցին 2007 թվականի սեպտեմբերի 30-ին` երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG