Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կրկին փոխելու է լոգոն


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) շուտով կունենա նոր լոգո, որի վրա Արարատ լեռան պատկերը անպայման լինելու է: Նման հավաստիացում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արեց ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:

«Հանձնարարությունները արդեն ֆեդերացիայի նախագահը տվել է, եւ նոր դիզայնի վրա կաշխատեն: Ազգային հավաքական թիմերը իրենց շապիկի վրա կկրեն Հայաստանի Հանրապետության զինանշանը, ինչը թույլատրելի է ե’ւ մեր օրենքով, ե’ւ միջազգային օրենքներով»:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյի եւ հավաքականի մարզաշապիկի վրա զինանշանից Արարատ լեռան պատկերը հանելու մասին անսպասելի որոշումը ֆեդերացիան կայացրեց Հայաստան-Թուրքիա հանդիպումից առաջ` շատերի կարծիքով, հենց թուրքական կողմին հաճոյանալու համար:

«Ես` որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ներողություն եմ խնդրում մեր ամբողջ հանրությունից, որ իրոք թույլ ենք տվել վրիպում: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա որեւէ առնչություն չունի Թուրքիայի հանդիպման հետ: Ցանկալի չէր, որ այս վրիպման համար մեզ մեղադրեին դավաճանության մեջ», - երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասել է Ռուբեն Հայրապետյանը:

Ըստ Արմեն Մովսիսյանի, Արարատի պատկերը «հանելու նպատակ չէր եղել». - «Որեւէ մեկը նախ չէր կարող մեզ պարտադրել կամ խնդրել, որպեսզի դա դուրս գար ֆեդերացիայի լոգոյի վրայից, եւ այդպիսի բան չի էլ եղել: Ափսոսանք է հայտնել Հայրապետյանը, որ այդպիսի մեկնաբանում արվեց»:

Ինչ վերաբերում է լոգոն փոխելու որոշմանը, ըստ ՀՖՖ-ի գործադիր տնօրենի, այն ընդունվել էր դեռ անցյալ տարի, երբ աշխարհի 2010 թվականի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը դեռ չէր եղել, հետեւաբար հայտնի չէր, որ Հայաստանի ընտրանին հանդիպելու է Թուրքիայի հավաքականի հետ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG