Մատչելիության հղումներ

Հայաստանը «Եվրատեսիլ»-ում


Փոքրիկ երգչուհին, ով այս տարի ներկայացնելու է մեր երկիրը, Մոնիկա Մանուչարովան է: Մանկական «Եվրատեսիլ»-ը այս տարի մեկնարկելու է նոյեմբերի 22-ին Կիպրոսում:

Մոնիկան Գյումրի քաղաքից է, նրա պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է Նադեժդա Սարգսյանը: Մոնիկան երգելու է մենակ, բեմի վրա իրենից բացի կլինեն եւս 5 հոգի` 2 բեքվոկալիստներ եւ 3 պարողներ:

Փոքրիկ երգչուհին ընտրվել է դեռ հուլիս ամսին: Ի տարբերություն մեծերի «Եվրատեսիլ»-ի, երբ նախ ընտրվում է կատարողը, հետո միայն երգիչը, մանկական «Եվրատեսիլ»-ում հայտարարվել է երգչի մրցույթ` իր երգի հետ միասին:

Մինչ Մոնիկան եւ իր հետ հանդես եկող խումբը փորձեր են անում ու պատրաստվում իրենց ելույթին, որը, ինչպես միշտ, լինելու է ուղիղ եթերում եւ կենդանի կատարմամբ, Կիպրոսը պատրաստվում է հյուրընկալել փոքրիկ երգիչներին: Համերգը անցկացվելու է Կիպրոսի ամենամեծ համերգասրահում, որտեղ կարող են տեղավորվել ավելի քան 6000 երաժշտասերներ:

Ե’վ մանկական, ե’ւ մեծերի մրցույթների ընթացքում բոլոր երկրները ունեցել են պրոֆեսինալ ժյուրի, բայց այդ ժյուրին, կարելի է ասել, պահեստային է եղել, գործել է միայն հազվագյուտ դեպքերում, երբ տեխնիկական խնդիրների պատճառով հեռախոսային կամ SMS քվեարկություն չի հաջողվել իրականացնել: Այս տարի բոլոր երկրների ժյուրիներին տրվել է գնահատելու իրավունք:

«Այս տարի առաջին անգամ կիրառվելու է քվեարկության 50: 50 մեթոդը. միավորների 50 %-ը տրվելու է ժյուրիի կողմից, իսկ մյուս 50 %-ը` SMS քվեարկության միջոցով: Նախորդ տարիներին հաշվի են առել միայն SMS քվեարկության արդյունքները: Մեզ համար գնահատման նոր համակարգը մեծ փորձ է լինելու, որովհետեւ մեծերի «Եվրատեսիլ»-ին նույնպես կկիրառվի գնահատման այս ձեւը», - ասում է Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի պատասխանատու Նարեկ Ադոնցը:

Մեծերի «Եվրատեսիլ 2009»-ի նախապատրաստական աշխատանքները նույնպես սկսված են: Կիրակի օրը հայտարարվել է երգերի ընդունում, որի վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է: Իսկ մրցույթը անցկացվելու է մայիս ամսին:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG