Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» օրաթերթը անդրադառնում է մարտի 1-ի մայր քրեական գործի քառասուն հատորներին. - «Մարտի 1»-ի քրեական գործից բացարձակապես հասկանալի չէ, թե ով, ինչպես եւ ում վրա է կրակել: Այդ «մշուշն» առաջացել է հիմնականում այն պատճառով, որ նախաքննության մարմինը մտասեւեռված էր երկու նպատակների վրա. ա/ պարզել տուժածների եւ վկաների քաղաքական նախասիրությունները, բ/ ի չիք դարձնել բոլոր մեղադրանքները ոստիկանության ու բանակի հասցեին: Նման ոչ պրոֆեսիոնալ եւ քաղաքանացված մոտեցման պատճառով իրական փաստերը ջրի երես չեն գալիս, եւ «էջը» ոչ մի կերպ «չի շրջվում»:

«Հայոց Աշխարհ»-ը անդրադարձել է մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության Ազգային ժողովի հանձնաժողովին. - «Տպավորություն է առաջացել, որ մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել ու գործում է հանուն միմիայն հեղափոխականների։ Ավելի ճիշտ, սա արդեն տպավորություն էլ չէ, այլ իրողություն։ Դատելով հանձնաժողովի ծավալած գործունեությունից, չենք կարող չնկատել, որ ի սկզբանե խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը որդեգրեց Տեր-Պետրոսյանի գլխավորած «համաժողովրդական» շարժման կենտրոնին հանկարծ չզայրացնելու կամ չնեղացնելու մոտեցում։ Այն դեպքում, երբ հեղափոխական պարագլուխները հենց սկզբից խաչ քաշեցին ժամանակավոր հանձնաժողովի վրա, հայտարարելով, թե իրենք չեն վստահում այդ մարմնին, քանի որ այն չի կարող «անաչառ» լինել։ Հանձնաժողովի անդամները նույնիսկ չվիրավորվեցին Լեւոբ Տեր-Պետրոսյանի հայտարարությունից՝ իր փոխարեն ՀՀՇ-ի Գեւորիկին հանձնաժողով գործուղելու մասին»։

«Հայկական ժամանակ»-ը խնբագրականում գրում է. - «Որեւէ մեկը այսօր չի կարող ընտրությունների հետ կապված իլյուզիաներ ունենալ, բայց, մյուս կողմից, Հայ ազգային կոնգրեսը չպետք է խուսափի որեւէ ճակատից եւ որեւէ դիրք չպետք է հենց այնպես զիջի իշխանություններին: Ի վերջո, ընտրությունների ընթացքում վիճարկվում էր ոչ միայն թաղապետի կամ պատգամավորի կամ նախագահի, այլ քաղաքական այլընտրանքի կարգավիճակը: Կոնգրեսի ամենամեծ առավելությունը եւ հաղթաթուղթը այն է, որ գործող իշխանությանը ուրիշ այլընտրանք գոյություն չունի, բացի Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժումից: Եվ ճիշտն ասած, սա շատ ավելի մեծ կարգավիճակ է, քան կարող է լինել Կենտրոնի կամ Քանաքեռ - Զեյթունի թաղապետի պաշտոնը: Եվ Արարատ Զուրաբյանը, Էմանուել Գասպարյանը շատ խիզախ քայլ արեցին. նրանք պաշտպանեցին Հայ ազգային կոնգրեսի` իշխանության միակ այլընտրանքի կարգավիճակը»:

«168 ժամ»-ը մեկնաբանում է Հանրապետական կուսակցության ներկուլիսային զարգացումները. - «Խորհրդարանում հասունանում է հերթական սկանդալը, որը կապված է Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավարի հավանական թեկնածուների հետ: Արդեն մի քանի օր է, Գալուստ Սահակյանի ճնշումն այնքան է բարձրացել, որ հնարավոր չէ առանց բժիշկների միջամտության նրա վիճակը կարգավորել: Իսկ Գալուստ Սահակյանը, պարզվում է, թույլատրելի սահմանից բարձր ճնշում ունենալու լուրջ պատճառներ ունի: Ըստ ՀՀԿ-ականների, Գալուստ Սահակյանը չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնում նշանակվելու է ոչ թե ինքը, այլ երիտհանրապետական Էդուարդ Շարմազանովը: Եվ որքան էլ որոշ ՀՀԿ-ականներ փորձում են իրավիճակը մեղմել` ասելով, որ իշխանական վերնախավում դեռեւս վերջնականապես որոշված չէ Շարմազանովի նշանակման հարցը, այնուամենայնիվ, երեկ հանրապետականների մեկ այլ խումբ հաստատորեն պնդում էր, որ իրենց խմբակցության նոր ղեկավարը լինելու է հենց Էդուարդ Շարմազանովը»:

«Նովոյե Վրեմյա» թերթը, մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտնի ուղերձի մեկնաբանությունները, գրում է. - «Թերեւս պետք է շատ ջանք թափել, որ նախագահի 40 րոպեանոց ուղերձում ոչ մի նոր եւ ուշադրության արժանի բան չգտնել: Սակայն արմատական ընդդիմության ներկայացուցիչները, որոնք մտահոգ են միտինգային օրակարգի արդարացմամբ, առանց մեծ տքնության գտան այդ մոտեցումն արդարացնող մակդիրներ: «Պարզունակ եւ մակերեսային» որակեց ելույթը նախկին ՀՀՇ-ական եւ նախկին փոխխոսնակ, իսկ վերջին ժամանակներում Հայ ազգային կոնգրեսի նորաթուխ անդամ Կարապետ Ռուբինյանը: Վերջինիս կարծիքով, ժողովուրդն արժանի չէ նման ուղերձի: Դե ինչ, ճիշտ ժամանակն է հիշելու, որ նույն Ռուբինյանի եւ նրա կողմնակիցների իշխանության միջանցքներում լինելու ժամանակ ժողովուրդը պետության ղեկավարից արժանանում էր միայն «հարեւաններից փող պարտք վերցրեք» տիպի խորհուրդների»:

«Հայաստանի Հանրապետություն»-ը հարցազրույց է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պատշպանության նախարարության Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի հետ, որը լրագրողի մտահոգությանը, թե Իսրայելի խորհրդարանում իբր որոշում է ներկայացվել Ադրբեջանում լեռնային հրեաների ցեղասպանության մասին, արձագանքում է. - «Մասնագետները գիտեն, որ այսպես կոչված լեռնային հրեաների ցեղասպանությունը, որ իբր թե իրագործվել է հայերի կողմից անցյալ դարասկզբին Ադրբեջանի հյուսիսում, մտացածին է: Այդ գործողությունները ուղղված են հայ եւ հրեա ժողովուրդների բարեկամությունը խարխլելուն, որոնք իրենց բազմահազարամյա պատմության ընթացքում, տարբերություններով հանդերձ, ունեն բավական նմանություններ: Մեր ժողովուրդներին միավորում է Ցեղասպանության եւ Հոլոքոսթի աղետալի փորձությունը, ինչպես նաեւ, ի դեմս Հայաստանի Հանրապետության եւ Իսրայելի Պետության, հերոսական գոյատեւման եւ պետականության վերածնման փորձը»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG