Մատչելիության հղումներ

Հայաստան կժամանեն ամերիկյան երեք հայտնի փորձագետներ


Հոկտեմբերի 5-11-ը Հայաստանում են գտնվելու ամերիկյան երեք հայտնի փորձագետներ, ովքեր նախկինում եղել են Միացյալ Նահանգների նկատմամբ իրականացված ահաբեկչական հարձակումների հարցով ազգային հանձնաժողովի կազմում, որն առավել հայտնի է որպես սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողով:

Քրիսթոֆեր Կոյմը, Ջոն Ֆարմերը եւ Մայքլ Հարլին քննարկումներ կունենան մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրությամբ զբաղվող հայաստանցի պաշտոնյաների, մասնավորապես` գլխավոր դատախազի, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հետ, կներկայացնեն իրենց փորձը, կառավարման, աշխատանքների իրականացման վերաբերյալ իրենց գիտելիքները, սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի ունեցած հաջողություններն ու դժվարությունները:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` այցի միակ նպատակը սեպտեմբերի 11-ի գործով հանձնաժողովի աշխատանքի հետ կապված տեղեկություններն ու գործունեությունից քաղած դասերը ներկայացնելն է: Ամերիկյան փորձագետները Հայաստանում կատարված իրադարձությունների քննության կամ հետաքննության հարցում որեւէ ուղղակի օժանդակություն չեն ցուցաբերի, ինչպես նաեւ չեն կատարի որեւէ գնահատում ու չեն պատրաստի հաշվետվություն Հայաստանում ընթացքի մեջ գտնվող աշխատանքների վերաբերյալ:

Այս այցելության միտքն առաջ է քաշվել հայաստանցի պաշտոնյաների կողմից` հունիսին ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դեյվիդ Քրամերի Երեւան կատարած այցի ժամանակ: Փորձագետների այցի հովանավորն է ԱՄՆ-ի դեսպանությունը, ֆինանսավորումն ապահովվում է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG