Մատչելիության հղումներ

Սոմալին «հատուկ կարգավիճակ» է տրամադրում ռուսական ռազմանավերին


Սոմալիի կառավարությունը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նավերին տրամադրում է «հատուկ կարգավիճակ», դրանց օժտելով «թե ծովում եւ թե ցամաքում» ծովահենների դեմ պայքարելու նպատակով երկրի ափերին գտնվելու իրավունքով: Այդ մասին այսօր հայտարարել է Մոսկվայում Սոմալիի դեսպանը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` դեսպան Մոհամեդ Մոհամոուդ Հանդուլեն տեղեկացրել է, որ ներկայումս երկու երկրների արտգործնախարարությունները բանակցում են Սոմալիի ափերին Ռուսաստանի ռազմածովային նավատորմի պարեկության հնարավորության շուրջ:

Դիվանագետը ընդգծել է նաեւ, որ Սոմալին Ռուսաստանին եւ Ուկրաինային իրավունք է տալիս ազատագրել ուկրաինական «Ֆաինա» նավը եւ պատասխանատվության ենթարկել այն առեւանգած ծովահեններին:

Սեպտեմբերի 25-ին առեւանգված «Ֆաինա»-ի անձնակազմը բաղկացած է 17 ուկրաինացիներից, երկու ռուսաստանցիներից եւ մեկ լատվիացուց: Սեպտեմբերի 28-ին ուղեղի արյունազեղման հետեւանքով մահացել է նավի նավապետ, ռուսաստանցի Վլադիմիր Կոլոբկովը:

«Ֆաինա»-ն բեռնված է ռազմական տեխնիկայով եւ ռազմամթերքով, այդ թվում` 33 տանկ, զենիթային համակարգեր, նռնականետներ:

Ներկայումս «Ֆաինա»-ից ոչ հեռու խարսխված ամերիկյան ռազմանավը հետեւում է, որպեսզի ծովահենները ափ չիջեցնեն ռազմական բեռը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG