Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում բացվում է ԱՄՆ-ում ադրբեջանական սփյուռքի դերակատարության հարցերով խորհրդաժողով


«ԱզերԹաջ» գործակալության փոխանցմամբ` այսօր Վաշինգտոնում բացվում է ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերական հարաբերություններում ադրբեջանական սփյուռքի դերակատարության թեմայով խորհրդաժողովը:

Ջորջ Վաշինգտոնի համալսարանի շենքում անցկացվելիք երկօրյա միջոցառումը կազմակերպել են արտերկրում բնակվող հայրենակիցների հետ աշխատանքի գծով Ադրբեջանի պետական կոմիտեն եւ ԱՄՆ-ում գործող «Ամերիկայի ադրբեջանցիների ընկերակցությունը»:

Արտերկրում բնակվող հայրենակիցների հետ աշխատանքի գծով Ադրբեջանի պետկոմիտեն հաղորդել է, որ խորհրդաժողովը կանդրադառնա Միացյալ Նահանգներում բնակվող ադրբեջանցիների քաղաքական ակտիվության, Կոնգրեսում լոբբիստական գործունեության, հասարակական կապերի զարգացման, ամերիկյան հասարակությունում ադրբեջանցիների ինտեգրման, ինչպես նաեւ էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդման հարցերին:

Խորհրդաժողովի մասնակիցների թվում են ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւը, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Աղշին Մեհդիեւը, Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Էլին Սուլեյմանովը, Միլի մեջլիսի մի խումբ պատգամավորներ, արտերկրում բնակվող հայրենակիցների հետ աշխատանքի գծով պետկոմիտեի պաշտոնյաները, Ամերիկայի ադրբեջանցիների ընկերակցության գործադիր տնօրեն Ադիլ Բաղիրովը:

Խորհրդաժողովի ամերիկացի մասնակիցների թվում են ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, Կոնգրեսում Ադրբեջանի հետ համագործակցության խմբի համանախագահ Սոլոմոն Օրթիզը, Heritage եւ Jamestown հիմնադրամների, Ջոն Հոփքինսի համալսարանի, վերլուծական այլ կենտրոնների աշխատակիցներ: Ջորջ Վաշինգտոնի համալսարանում կայանալիք քննարկումներին ներկա կլինեն նաեւ ադրբեջանական, թուրքական եւ հրեական համայնքների պատվիրակները:

«ԱզերԹաջ»-ը հայտնում է, որ խորհրդաժողովի ավարտին Վաշինգտոնի «Քենեդի» կենտրոնում նախատեսված է հանդիսավոր համերգ` ադրբեջանցի անվանի արվեստագետների մասնակցությամբ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG