Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը, իր խմբագրականում անդրադառնալով «Օդնոկլասնիկ» սրճարանում տեղի ունեցած ոճրագործությանը, գրում է. - «Օդնոկլասնիկ» սրճարանի վրա սափրագլուխների ավազակախմբի հարձակման եւ Անդրանիկ Բաբայանի սպանության գործի բոլոր մանրամասներն առայժմ հայտնի չեն: Պատմությունը բավականին բարդ եւ խճճված է թվում, եւ ճիշտ չէր լինի այս պահին վերջնական գնահատականներ տալը: Մի բան, այնուամենայնիվ, ակնհայտ է. ոստիկանությունը հնարավորություն ուներ կանխելու ոճրագործությունը, բայց դա չարեց` գերադասելով չխառնվել օլիգարխի թիկնազորի կողմից իրականացվող «պատժիչ գործողություններին»: Գոնե այս մասով եզրակացությունն արդեն իսկ պարզ է. ոստիկանությունը Հայաստանում, որպես պետական ինստիտուտ, ավելի քիչ է կայացել, քան օլիգարխների բանդաները` որպես երկիրը ստվերային կերպով կառավարելու միջոց»:

Այսօրվա մամուլում շատ են անդրադարձները իրավապահ մարմինների եւ կրիմինալի փոխհարաբերությունների մասին: lragir.am-ը գրում է. - «Իրավապահներն ուղղակի չեն ասում, որ սպանվածներն ունեցել են խոճկորի ծնոտ կամ տավարի լեզու, այլ ընդամենն ասում են, որ այն, ինչ պատկերված է կադրերի վրա, դրանք ոչ մի կապ չունեն զոհվածների, սպանվածների հետ: Սակայն դա արդեն իսկ վկայում է այն քամահրական վերաբերմունքը, որ համակարգն ունի հանրության եւ դրա ամեն մի առանձին ներկայացուցչի հանդեպ: Սակայն, իրապավապահներին կարելի է հասկանալ: Նրանք թերեւս գիտակցում են, թե ինչ հանցանք են գործել հասարակության հանդեպ, եւ հիմա ամեն գնով, նույնիսկ խեղկատակության, փորձում են այդ հանցանքը կոծկել: Ավելորդ էր սպասել, որ իրավապահները կարող են խոստովանել, որ համակարգը մարտի 1-ին այդպես դաժան է վարվել թեկուզ մեկ ցուցարարի հանդեպ»:

«Չորրորդ իշխանություն»-ը «Կրիմանալի դերը մեծանում է» հոդվածում նշում է. - «Անզեն աչքով անգամ նկատելի է, որ վերջին վեց ամիսների ընթացքում կրիմինալի դերը էապես մեծացել է: Ընդամենը վերջին մի քանի օրերը ցույց տվեցին, որ Երեւանում ոչ միայն բազմաթիվ զինված բանդաներ կան, այլ դրանք գնալով ավելի ու ավելի բացահայտ են գործում: Զինված բանդաները, իհարկե, Քոչարյանի օրոք էլ են գործել, բայց դրանք ընտրակեղծիքների գնալիս զենքը տանն էին թողնում: Իսկ Կենտրոն համայնքի վերջին ընտրությունների ժամանակ արդեն այլ իրավիճակ էր. ընտրակեղծիքներն իրականացնում էին զինված բանդաները: Ուշադրություն դարձրեք` Ռոբերտ Քոչարյանը նախապատվությունը տալիս էր օլիգարխիկ-կլանային համակարգին, իսկ զինված բանդաներին միայն մանր-մունր գործեր էին հանձնարարվում: Սերժ Սարգսյանը փաստորեն փորձում է էապես փոխել իրավիճակը եւ շեշտը դնել կրիմինալի վրա: Իսկ սա նշանակում է, որ առաջիկայում իշխանական բուրգի ներսում լուրջ ռազբորկաներ են լինելու, եւ այդ ռազբորկաների ժամանակ ուժային կառույցների հետ համագործակցող կրիմինալը Սերժ Սարգսյանի համար նոր հենարան է ստեղծելու: Սա է իշխանությունների ներսում ընթացող միակ լուրջ պրոցեսը: Մնացածը արտաքին շղարշն է: Իսկ այս պրոցեսը, հավատացնում ենք, չափազանց լուրջ է, եւ կարող է մեծ ցնցումների հանգեցնել»:

«Հայոց Աշխարհ»-ը Թոմաս Համմարբերգի ելույթի առնչությամբ, կարծես, փորձում է արդարացնել իրավապահների գործողությունները: «Ամենակարեւորը՝ առջեւում 7-ի դատավարությունն է։ Ի՞նչ է, չպարզեն, թե, օրինակ, Սասուն Միքայելյանն ինչո՞ւ էր իր սեփական լճակում զենք թաքցրել կամ միջնորդավորված վճարել միտինգավորներին հրապարակում մնալու, սննդի եւ այլ կարիքներ հոգալու համար։ Կամ՝ չպարզեն, թե ինչո՞ւ էր Մյասնիկ Մալխասյանը բարիկադներից իջնելուց հետո մետաղաձողը գրպանում փախչում դեպքի վայրից, որին հասցրին բռնել Շահումյանի արձանի մոտ՝ տաքսի նստելու պահին։ Իսկ Ալիկ Արզումանյանի հեռախոսազրույցնե՞րը, որի գաղտնալսումներին ծանոթանալուց հետո կրկին հիմնավորվեց, որ այլ տարբերակ չկար, բացի զինված հեղաշրջում իրականացնելը։ Ի վերջո, Հակոբ Հակոբյանն ինքն է ցանկացել, որ իրեն ձերբակալեն, որպեսզի «ամեն ինչ պարզվի», ինչի մասին էլ հայտարարեց խորհրդարանում։ Եթե սրանց ազատ ես արձակում, այդ դեպքում շատ հետաքրքիր կլինի իմանալ, գործի քննության ճակատագիրն ինչպե՞ս է լուծվելու»։

«Ժամանակ Երեւան»-ի թղթակիցը այցելել է մարտի 1-ին ոստիկանության «ՈՒԱԶ»-ով վրաերթի ենթարկված երիտասարդին` Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ, 27-ամյա Գեւորգ Թեւանյանին: Թերթը գրում է. - «Հանձնաժողովի վերջին նիստին վերաբերող ռեպորտաժը դիտելուց հետո են իմացել, որ Գեւորգին վրաերթի ենթարկածը եղել է ոչ թե ոստիկան, այլ ցուցարար: Ի դեպ, այդ բացահայտումը խիստ զարմացրել էր Թեւանյաններին: Ո՞նց կարող էր ցուցարարը ոստիկանական մեքենան խլել: Կամ էդ քանի գլխանի էր էդ ցուցարարը, որ մեքենան առներ ու էդքան ժողովրդի մեջ քշեր: «Ենթադրենք, որ մեքենայի ղեկին ոստիկան է եղել», - ասացին մենք, ինչին ի պատասխան Գեւորգի հայրն ասաց. - «Բանից ըտենց ա պարզվում: Չգիտեմ, ցուցարարը չէր գնա մեքենա նստեր ու ասեր` կանգնի գնամ-քշեմ ժողովրդի մեջ` ժողովրդին տակը գցեմ: Ցուցարար է եղել, ոստիկան թե զինվոր, իրանք պետք ա պարզեն: Գեւորգն ինչ իմանա: Էդ ոնց ա` 7 ամիս ա չեն կարողանում պարզել, թե ով ա եղել էդ ցուցարարը»:

«Առավոտ»-ը հարցազրույց է տպագրել է Հայաստանի Հանրապետության նախագահի նախկին թեկնածու, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ: Մելիքյանն ասում է. - «Հարեւանների հետ լավ հարաբերություններ ունենալու համար միայն մեր ցանկությունները բավարար չեն. պետք է լինի նաեւ հարեւանների ու տարածաշրջանում իրենց շահերը թելադրող գերտերությունների ցանկությունը: Հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները զուտ երկկողմ հարաբերություններում դիտարկելը կլիներ ծուղակ: Հուսով եմ, որ դա գիտակցվում է գործող նախագահի եւ արտգործնախարարի կողմից, հակառակ դեպքում՝ մենք իսկապես ծուղակում ենք»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG