Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ հրադադարի ռեժիմի հերթական դիտարկումը


Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ջրամբարի շրջակայքում, որտեղով անցնում է հայ-ադրբեջանական սահմանի շփման գիծը, այսօր կայացավ հրադադարի ռեժիմի դիտարկում: Այն կազմակերպել էր Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:

Դեսպանը, սակայն, դիտարկմանը չէր մասնակցում. նրան փոխարինում էին դաշտային օգնականները Բուլղարիայից եւ Հունգարիայից: Հայկական կողմից մոնիթորինգին մասնակցում էին նաեւ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները:

Եղանակը մալախլապատ էր, եւ ռադիոկապի միջոցով բառացիորեն մի քանի րոպե տեւած մոնիթորինգի արդյունքում Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականները հրադադարի ռեժիմի խախտում չարձանագրեցին ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմում:

Սակայն, մինչեւ դիտարկումը այդ տարածքում տեղակայված հայկական զորամասերի հրամանատարները Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին, որ ադրբեջանական դիրքերից հայկական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ գրեթե ամեն օր կրակահերթեր են արձակվում: Ըստ հրամանատարների, հրաձգությունն իրականացվում է նաեւ խոշոր տրամաչափերի զենքերից:

Հրամանատարներից մեկի փոխանցմամբ, ադրբեջանցիները կրակում են նաեւ Նոյեմբերյան-Երեւան ավտոմայրուղով ընթացող ավտոմեքենաների ուղղությամբ: Կրակահերթեր են բացվում նաեւ զինվորական հերթափոխի ժամանակ:

ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Չունտուլովը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ արդյունք են տալիս յուրաքանչյուր դիտարկումից հետո պատրաստվող ԵԱՀԿ զեկույցները` նկատի ունենալով, որ, ըստ հայկական կողմի, այս տարին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման առումով, ռեկորդային է, պատասխանեց, թե իրենք դիտարկման արդյունքները դեսպանի միջոցով պարզապես փոխանցում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին:

Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը, իր հերթին, ավելացրեց, թե որոշակի փոփոխություն զեկույցներից հետո լինում է:


Հովհաննես Շողիկյան, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG