Մատչելիության հղումներ

Հասարակական կազմակերպությունները քննադատում են կիրակի անցկացված ՏԻՄ ընտրությունները


Սեպտեմբերի 28-ին կայացած Երեւանի մի շարք համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ իրենց դիտարկումները երեքշաբթի օրը ներկայացրեցին հայաստան մի շարք հասարակական կազմակերպություններ` քննադատելով դրանք «ընտրախախտումների առատության», «ընտրական գործընթացներում կրիմինալ մեխանիզմների եւ վախի արմատավորման» համար:

Կենտրոն եւ Նոր Նորք համայնքներում անցկացվել են համայնքի ղեկավարի, իսկ այդ, ինչպես նաեւ Ավան, Նորք-Մարաշ, Դավիթաշեն եւ Շենգավիթ համայնքներում կայացել են ավագանու ընտրություններ: Կենտրոնում եւ Նոր Նորքում վերընտրվել են գործող թաղապետերը` հանրապետականներն Գագիկ Բեգլարյանը եւ Դավիթ Պետրոսյանը:

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ «հատկապես մտահոգիչ էին որոշ տեղամասերում խիստ լարվածությունն ու բռնարարքները»:

«Մեր դիտորդների արձանագրած մտահոգությունները հատկապես վերաբերում են Կենտրոն համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին», - ասաց Համբարձումյանը:

Նրա խոսքով, դիտարկված որոշ տեղամասերում «արատավոր ընտրությունների պրակտիկան իր շարունակությունը գտավ ի դեմս թաղային հեղինակությունների, որոնք ակտիվորեն միջամտեցին ընտրագործընթացներին»:

Նա բերեց կոնկրետ օրինակներ. Կենտրոն համայնքի թիվ 10/3 տեղամասում թեկնածու Գագիկ Բեգլարյանի կողմնակիցների կողմից քվեաթերթիկների լցոնումների պատճառով վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների միջեւ վիճաբանությունը վերաճել էր ծեծկռտուքի:

Իսկ թիվ 10/44 ընտրատեղամասում, Հարություն Համբարձումյանի խոսքով, եղել են ընտրատեղամասային հանձնաժողովի «մեկից ավելի նախագահներ»:

«Թեեւ հանձնաժողովի ընտրված նախագահն էր Արմեն Հարությունյանը, սակայն իրավիճակը տեղամասում փաստացի վերահսկում էր «ոչ պաշտոնապես» նախագահ ներկայացող Արման Ճաղարյանը, իրականում թիվ 10/44 հանձնաժողովի քարտուղարը, որը բոլորի ներկայությամբ հայտարարել էր, թե պիտի ականատես լինեն Դեյվիդ Կոպեռֆիլդի հերթական հնարքին, երբ ժամը 20:00-ից հետո կփոխարկվեն քվեարկության արդյունքները», - փոխանցեց Հարություն Համբարձումյանը:

Ընտրախախտումների բազմազանության պակաս չի եղել նաեւ Նոր Նորքում: Այստեղ էլ դիտորդներն արձանագրել են, որ բազմաթիվ բնակիչներ անձնագրերը ձեռքներին, գաղտնի, ճերմակ թղթեր են ստացել նախապես կայանված թիվ 33 երթուղային տաքսում եւ անմիջապես ուղեւորվել թիվ 2/18 ընտրատեղամաս:

14 տեղամասերում ընտրությունների ընթացքին հետեւել է նաեւ Հելսինկյան կոմիտեն: Կոմիտեի տնօրեն Սիլվա Մամիկոնյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ վերջին ընտրությունները նախորդներից տարբերվում էին «լցոնումների առատությամբ, վստահված անձանց ու դիտորդներին տեղամասերից դուրս տանելու, ծեծկռտուքի դեպքերով»

Այսօր մամլո հաղորդագրություն տարածել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպությունը, որը առաջին անգամ է դիտարկել ընտրական գործընթացը Արաբկիր (այստեղ համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները կայացել էին ավելի վաղ) եւ Կենտրոն համայնքներում, եւ կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանյանի խոսքով, արձանագրված խախտումների պարագայում «ի չիք են դառնում ընտրական գործընթացի բարելավմանն ուղղված բոլոր քայլերը, ինչպես նաեւ կասկածի տակ է դրվում ընտրված պաշտոնյաների լեգիտիմությունը»:

«Երեւանի համայնքներում տեղի ունեցած վերջին ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Հայաստանում ընտրական գործընթացներում արմատավորվում են կրիմինալ մեխանիզմները եւ արմատավորվում են վախը, հուսալքությունը եւ հիասթափությունը», - ասաց Կոստանյանը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG