Մատչելիության հղումներ

Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարին


ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Երեւան քաղաքում սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի դատաքննության նկատմամբ ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ մոնիտորինգ իրականացնող խմբի ներկայացուցիչները:

Գլխավոր դատախազության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, հյուրերը տեղեկացրել են, որ մոնիտորինգի խմբի եզրակացությունը կհրապարակվի նշված քրեական գործերով դատաքննության ավարտից հետո՝ հավանաբար 2009 թվականի սկզբներին: Այն իր մեջ կպարունակի նաեւ առաջարկություններ, երաշխավորություններ, որոնք կարող են օգտակար լինել դատաքննությունների ընթացքում արձանագրված հնարավոր բացթողումները, խախտումները վերացնելու, շտկելու հարցում:

Անդրադառնալով առանձին փաստահավաք խմբի ձեւավորման նախաձեռնությանը՝ ՀՀ գլխավոր դատախազը կարեւորել է այն` նշելով, որ խումբը կարող է օգնել նախաքննական մարմնին նոր փաստերի հայտնաբերմամբ, ինչը կնպաստի տարբեր հանգամանքների պարզաբանմանը:

Կապինոսն իր հերթին նկատել է, որ փաստահավաք խմբի գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրան տրվելիք կարգավիճակով՝ կարեւորելով այդ խմբում շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում ընդդիմության ներկայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG