Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտարարությամբ է հանդես եկել, որում շնորհավորում է ամբողջ հայ ժողովրդին Անկախության տոնի առթիվ:

«1991 թվականի սեպտեմբերի 21-ին, հայ ժողովրդի շուրջ երեքուկեսամյա համաժողովրդական շարժումը պսակվեց Հայաստանի անկախության հռչակմամբ: Կատարվեց հայ ժողովրդի դարավոր երազանքը. իր բնօրրանում՝ բուն Հայաստանում, մոտ հազարամյա ընդմիջումից հետո ձեռք բերվեց այն գերագույն արժեքը, որ ազգի հարատեւման, զարգացման, բարգավաճման ու արժանապատիվ կյանքի առաջին գրավականն է», - ասված է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարությունում. - «Անկախությունը մեզ սովորեցրեց նպատակների իրականացման հիմքում դնել սեփական ուժերին ապավինելը: Վերջին հազարամյակում միշտ ուրիշների դռներին նայող, նրանցից օգնություն ակնկալող Հայաստանը, անկախ պետականության պայմաններում կարողացավ ինքը երաշխավորը լինել օտարված իր մի մասի՝ Լեռնային Ղարաբաղի փրկության եւ գոյատեւման»:

«1991-ին հաղթահարվեցին անկախության արտաքին խոչընդոտները։ Այսօր հայ ժողովուրդը համախբվել է նոր, իր մասշտաբներով առաջինին չզիջող նոր համաժողովրդական շարժման մեջ՝ հաղթահարելու համար ներքին արգելապատնեշը՝ դուրս բերել երկիրը պետականության այլասերման, Անկախության ամենավեհ գաղափարի վարկաբեկման կործնարար ճանապարհից», - հայտարարում է Հայ ազգային կոնգրեսը` ամփոփելով. - «Այդ օրը հեռու չէ, եւ այն կդառնա մեր անկախության վերածնման օրը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG