Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը մտահոգություն է հնչեցնում Ղարաբաղյան բանակցություններում Թուրքիայի դերի ակտիվացման կապակցությամբ


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ հրավիրած ասուլիսում մտահոգություն հնչեցրեց, թե «Թուրքիան ակտիվ դերակատարություն է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցություններում»:

«Փաստ է, որ Նյու Յորքում առաջիկա շաբաթներին կկայանա եռակողմ հանդիպում, նույնիսկ տեղեկություններ կան, որ կարող են ինչ-որ նախնական, դեռեւս ոչինչ չպարտավորեցնող փաստաթղթեր ստորագրվել, ինչը վկայում է, որ Թուրքիան ըստ էության ակտիվ դերակատարություն է ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցություններում», - ասաց նա:

Մուսինյանի խոսքով, Հայաստան այցելելուց հետո Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Բաքվում հայտարարել էր, թե Հայաստանի իշխանությունները «պարտավորվել են վերադարձնել Ադրբեջանի օկուպացված տարածքները», եւ որեւէ պաշտոնական արձագանք այս հայտարարության կապակցությամբ չի եղել. - «Ոչ մի արձագանք չկա: Ինչպես նաեւ արձագանք չկա հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու խայտառակ գաղափարին»:

Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին վեց ամիսների գործունեությունը արտաքին քաղաքականության բնագավառում Մուսինյանն ամփոփեց այսպես. - «Հայաստանի շահերի հաշվին գործարքների է գնում միջազգային հանրության հետ` դրանով փորձելով պահպանել իր իշխանությունը»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակը հայտարարեց, թե ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ «իշխանությունը պլանավորում էր կազմակերպել ջարդ». - «Իշխանությունը ամբողջությամբ իրեն դրել է օրենքից դուրս եւ որդեգրել է ահաբեկչական վարքագիծ... Հանրահավաքին նախորդող ժամերին ոստիկանությունը ագրեսիվ պահվածք էր դրսեւորում, հարձակվում էր երիտասարդների վրա, հարձակվում էր միտինգ այցելողների վրա: Շուրջ 15 մարդ տարվել են ոստիկանության բաժիններ, նախորդ հանրահավաքներին նման դեպք չի եղել»:

Ընդդիմության հաջորդ հանրահավաքը, Մուսինյանի փոխանցմամբ, նախատեսվում է սեպտեմբերի 26-ին:


Անուշ Մարտիրոսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG