Մատչելիության հղումներ

Բեռնում հանդիպել են հայ եւ թուրք դիվանագետները


Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, անցած կիրակի թուրք բարձրաստիճան դիվանագետները՝ փոխարտգործնախարար Էրթուգուլ Ապաքանը եւ նրա օգնական Ունալ Չեւիքյոզը մեկնել են Բեռն, որտեղ հանդիպել են իրենց հայ պաշտոնակիցներին:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, որոնք պաշտոնական աղբյուրներից դեռեւս հաստատված չեն, Հայաստանի կողմից այդ հանդիպմանը մասնակցել է փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը:

«Հյուրիեթ»-ը նշում է, որ հայ եւ թուրք դիվանագետները այս տարվա մայիսին եւ հուլիսին արդեն երկու անգամ հանդիպել են Շվեյցարիայում, եւ հենց այդ դռնփակ քննարկումների արդյունքում էր հնարավոր դարձել Թուրքիայի նախագահի շրջադարձային այցը Երեւան:

Ըստ թուրքական թերթի, սեպտեմբերի 6-ին Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղին ներկա լինելու առիթով կայացած նախագահներ Աբդուլա Գյուլի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման ընթացքում դրական մթնոլորտ է տիրել:

«Հյուրիեթ»-ը հաղորդում է, որ Բեռնում հայ եւ թուրք դիվանագետների քննարկումների նպատակն էր վերջնական տեսքի բերել բարի կամքի մասին եռակողմ հռչակագրի տեքստը, որը Նյու 3որքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանի ընթացքում նախատեսված հանդիպման ժամանակ պետք է ստորագրեն Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Ալի Բաբաջանն ու Էլմար Մամեդյարովը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քաղաքական քննարկումները տեղի կունենան սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 1-ը: Այդ ժամանակաշրջանում էլ պետք է հրապարակվի հայ-թուրք-ադրբեջանական եռակողմ հռչակագիրը:

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը երեկ տված հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարար Բաբաջանն ասել է, թե «Հայաստանի կառավարությունը վերջերս սկսել է շատ ավելի լավ ըմբռնել, թե որքան կարեւոր է Թուրքիայի համար Լեռնային Ղարաբաղի խնդիրը»: Նրա խոսքերով, խնդրի եռակողմ քննարկումը կարող է դյուրին դարձնել կարգավորումը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG