Մատչելիության հղումներ

Հանրապետականի խոսնակը հերքում է, թե Թորոսյանը նախկինում «տարաձայնություններ» է ունեցել իր կուսակիցների հետ


Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ինչպես իրեն, այնպես էլ իր ավագ կուսակիցներին հայտնի չեն եղել խորհրդարանական մեծամասնության եւ Տիգրան Թորոսյանի միջեւ ինչ-ինչ տարաձայնություններ:

Տիգրան Թորոսյանը իր հրաժարականի որոշումը երեկ հիմնավորել էր «երկրի ներքին քաղաքական կյանքին առնչվող մի շարք խնդիրների վերաբերյալ խորհրդարանի քաղաքական մեծամասնության հետ առկա անհաղթահարելի տարաձայնություններով»:

«Սա ես կապում եմ զգացմունքայնության հետ» - ասաց Շարմազանովը: - «Բայց փաստը այն է, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր անհամաձայնությունը հայտնում է քվեարկությամբ: Եվ խորհրդի որեւէ որոշման դեմ այս վերջին տարիներին Տիգրան Թորոսյանը չի քվեարկել»:

Շարմազանովը ասաց նաեւ, որ կուսակցությունում չեն կիսում Տիգրան Թորոսյանի` երեկ հնչեցրած գնահատականները, թեեւ` ըմբռնումով են ընդունում:

«Բնականաբար, որոշակի ըմբռնումով ենք մոտենում, եւ, կարծում ենք, որ ժամանակի ընթացքում այս զգացմունքայնությունը կանցնի, եւ պարոն Թորոսյանն ինքը ավելի սառը կդատի», - ասաց նա:

Անդրադառնալով Տիգրան Թորոսյանի` ՀՀԿ-ից դուրս գալու որոշմանը, նա ասաց. - «Կա ափսոսանք, որովհետեւ, ինչպես նախագահը նշեց, Հանրապետականը մտադիր էր պարոն Թորոսյանի կարողություններն ու գիտելիքները, ինչպես նաեւ ահռելի փորձը եւ անցած ճանապարհը ներդնել մեկ այլ ոլորտում»:

Հասարակության մեջ լուրեր են պտտվում, թե Ռոբերտ Քոչարյանը դեռ հավակնում է վարչապետի պաշտոնին: Այս կապակցությամբ Շարմազանովը ասաց, որ նման հարց խորհրդի նիստում չի քննարկվել. - «Այսօր վարչապետը Տիգրան Սարգսյանն է, եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում նման հարց չի քննարկվել: Ավելին` հանրապետականները գտնում են, որ Տիգրան Սարգսյանը կարող է լուծել այն խնդիրները, որ ստանձնել է հասարակության առջեւ»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG