Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Թե հատկապես ինչու ենք հենց Հովիկ Աբրահամյանին առաջարկել այս պաշտոնում, ունի լուրջ հիմքեր: Մեր կուսակցությունն այն կուսակցությունը չէ, որ նման կարեւոր հարցերին անլուրջ մոտենա», - «Առավոտ»-ում ասում է Հանրապետական խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Ի պատասխան լրագրողի հարցին, թե վարկած կա, որ ՀՀԿ-ն գնում է այս փոփոխությանը, քանի որ սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ Հովիկ Աբրահամյանը հենց այն մարդն է, որը պետք է այդ պահին լինի Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում, ՀՀԿ-ի խոսնակը պատասխանում է. - «Ընտրությունները պատվերով համերգ չեն, որ ով երբ ուզի՝ նորը պատվիրի»:

Գտնելով, թե Հայաստանի իշխանությունները չեն կատարել ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջները` «Տարեգիր»-ը գրում է. - «Նախ «բաց եւ լուրջ» երկխոսության մասին. կա՞: Չկա: Առհասարակ երկխոսություն չկա: Մարտի 1-ից հետո առաջին անգամ են իշխանությունները ի գիտություն են ընդունում ընդդիմության հայտը հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Տասնյակ հայտեր մերժել են: Ընդդիմության բոլոր ներկայացուցիչների դատավարություններն ընթանում են, «մեղադրանքները» ապացուցված են համարվում` բացառապես ոստիկանների ցուցմունքներով»:

«Ավարտվեց Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային թե’ մարզական, թե’ դիվանագիտական խաղի առաջին փուլը: Դաշտում հայերս պարտվեցինք», - արձանագրում է ՀՅԴ-ի պաշտոնաթերթ «Երկիր»-ը: - «Իսկ ի՞նչ է սպասվում դիվանագիտության դաշտում: Ակնհայտ է, որ այստեղ էլ մրցամարտ է սպասվում, բայց Աստված մի արասցե, եթե այս դաշտում էլ խաղանք այնքան անկամ, այնքան անուժ եւ այնքան անծրագիր, ինչքան ֆուտբոլում»:

Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը «Հրապարակ»-ի հարցազրույցում ասում է, թե հայ-թուրքական սահմանի բացումը «առաջին հերթին հնարավորություն կտա ապահովել այլընտրանքային հաղորդակցություն արտաքին աշխարհի հետ, ինչն այսօր խիստ կարեւոր նշանակություն ունի հանրապետության համար». - «Բացի այդ, հնարավորություն կստեղծվի ուղղակի ապրանքաշրջանառություն ապահովել երկու երկրների միջեւ: Պետք է նաեւ նշել, որ դա կդառնա հզոր խթան տարածաշրջանում կայունության եւ փոխըմբռնման մթնոլորտ ձեւավորելու համար»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ»-ում նշում է. - «Սահմանը բացելու ողջ իմաստը մեզ համար այն է, որ Հայաստանը դառնում է տրանզիտ, միջանցիկ ճանապարհներ ունեցող երկիր։ Այս ճանապարհով, սակայն, մենք ելք ենք ստանում այն շուկաներ, որտեղ մեր հայրենական արտադրանքը կարող է եւ մրցունակ չլինել։ Այս առումով շատ կարեւոր է, որ Թուրքիայից եկող ճանապարհը շարունակվի դեպի Արեւելք, կապ առաջանա Նախիջեւանի, Իրանի հետ դեպի Միջին Ասիա, Հնդկական օվկիանոսի մերձափնյա պետություններ։ Եթե սա չլինի, ապա Հայաստանի տրանսպորտային շրջափակումը դժվար կլինի համարել ամբողջականորեն լուծված»:

«Հայք»-ը գրում է. - «Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պարզաբանումներ պահանջելով ոստիկանների կողմից Հյուսիսային պողոտան անհիմն պաշարելու համար: Արմեն Հարությունյանը ոստիկանապետին հայտնել է, որ սեպտեմբերի 10-ին իր աշխատակիցները բանավոր դիմում-բողոքների հիման վրա իր հանձնարարությամբ Հյուսիսային պողոտա կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ Թումանյան փողոցից մինչեւ Պուշկին փողոց ընկած հատված մուտք գործելը արգելված էր ոստիկանության աշխատակիցների կողմից»:

«Առավոտ»-ում ընդգծված է. - «Սեպտեմբերի 10-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նստելով վարչապետ Տիգրան Սարգսյանի կողքին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը թերեւս նրան նաեւ հորդորում էր հրաժարվել կառավարության այն նախաձեռնությունից, որով կապուղիների մրցույթներն արգելվեցին մինչեւ 2010 թվականը: Սակայն քանի որ Տիգրան Սարգսյանն արդեն հայտարարել է, թե «համար մեկ պրոբլեմը ՀՀ-ում ժողովրդավարության պրոբլեմը չէ, ազատ խոսքի բացակայությունը չէ»՝ նա չհրաժարվեց «Ա1+»-ի եթեր վերադարձը խոչընդոտող այդ օրինագծից»:

«Հայկական ժամանակ»-ը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, տեղեկացնում է, որ Արաբկիրի այլեւս նախկին թաղապետ Հովիկ Շահինյանին «խոստացվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, որը նա կստանձնի Հովիկ Աբրահամյանի Ազգային ժողովի նախագահ դառնալուց հետո»: «Սա պետք է համարել Հովիկ Շահինյանին մատուցված մխիթարական մրցանակ», - ենթադրում է թերթը:

«Խորհրդարանը odnoklassniki.ru-ում» վերնագրի ներքո «Առավոտ»-ը գրում է. - «Ազգային ժողովի գրեթե բոլոր աշխատասենյակներում աշխատակիցները եւ պատգամավորների մի մասը, իրենց գործը թողած` աշխատանքի ժամերին, որի համար իրենք աշխատավարձ են ստանում հարկատուների հաշվին, առավոտից իրիկուն «չաթ» են անում odnoklassniki.ru սայթում։ Անգամ զավեշտը հասնում է այնտեղ, որ հարեւան սենյակների աշխատակիցները միմյանց հետ բացառապես վիրտուալ շփումների մեջ են»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG