Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ռուսաստանի գործողությունները


ԱՄՆ-ի Կոնգրեսի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովում, որը անվանում են նաեւ Ամերիկայի Հելսինկյան հանձնաժողով, երեկ տեղի են ունեցել «Վրաստան, Ռուսաստան, վերադարձ ուժի քաղաքականությանը» թեմայով լսումներ:

«Աշխարհը փոխվել է օգոստոսի 7-ից հետո: 2008-ի օգոստոսին տեղի է ունեցել պատերազմ ԵԱՀԿ անդամ երկու երկրների միջեւ, մի բան, որի հնարավորությունը կանխելը Հելսինկյան գործընթացի բուն առաքելությունն է», - ասել է հանձնաժողովի նախագահ դեմոկրատական կոնգրեսական Էլսի Հասթինգսը: Նրա խոսքերով, Ռուսաստանը ոչ միայն աջակցում է անջատողական տարածքներին, այլեւ փորձում է վնաս հասցնել Վրաստանի տնտեսությանը, զինաթափել այդ երկիրը եւ պարտադրել ռեժիմի փոփոխություն:

«Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, ընդհանուր առմամբ, միջազգային համայնքը հավանություն չեն տալիս Ռուսաստանի գործողություններին, դրանք հրճվանքով են ընդունում միայն Համասն ու Հըզբոլահը: Կատարելով այդպիսի գործողություններ, Ռուսաստանը վերաճում է ռեւիզիոնիստական պետության», - ասել է կոնգրեսականը:

Ամերիկայի Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, դեմոկրատ սենատոր Բենջամեն Քարդինն ասել է, որ 2000 թվականից ի վեր Ռուսաստանն անվերջ փորձել է Վրաստանին զրկել մանեւրելու հնարավորությունից:

«Հիմա մենք դարձել ենք Ռուսաստանի կողմից երկրի ներսում ճնշումներ գործադրելու եւ դրսում ագրեսիվ քայլեր ձեռնարկելու ականատեսը», - ասել է սենատորն ու նախազգուշացել. - «Հարավային 0սիան եւ Աբխազիան ճանաչելու հանգամանքը դաշնության ոչ ռուս ազգություններին կարող է դրդել անկախություն նվաճելու տրամադրությունների, ինչը Մոսկվայի համար նոր բարդ խնդիրներ կստեղծի եւ էլ ավելի կնվազեցնի բոլորիս համար այդքան կարեւոր Ռուսաստանի դեմոկրատացման հնարավորությունը»:

Հելսինկյան հանձնաժողովի լսումներին մասնակցել են ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, Վրաստանի խորհրդարանի խոսնակ, նախկին արտգործնախարար Դավիդ Բակրաձեն, Նիքսոնի կենտրոնի գործադիր տնօրեն Փոլ Սանդերսը, Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի հետազոտությունների եւ հրատարակումների ղեկավար, ամերիկյան կառավարության նախկին պաշտոնյա, վերլուծաբան Փոլ Գոբլը:

Հանձնաժողովը լսումներին մասնակցելու առաջարկ է փոխանցել նաեւ Ռուսաստանին, սակայն այդ երկիրը մերժել է հրավերը:

«Հարկ եմ համարում հստակ նշել, որ մենք աջակցում ենք դեմոկրատական ճանապարհով ընտրված Վրաստանի կառավարությանը: Մենք կարող ենք համակրել, կամ չհամակրել Վրաստանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչներից որեւէ մեկին, սակայն դա ոչ մի նշանակություն չունի: Նշանակություն ունի այն, որ վրաց ժողովուրդն է ընտրել իր ղեկավարներին, ուստի վրաց ժողովուրդը պետք է որոշի երկրի քաղաքական ապագան: Ո՞վ գիտի, կարող են լինել արտահերթ ընտրություններ, հանրաքվե, ինչ էլ որ որոշի վրաց ժողովուրդն իր գործող իշխանության հետ՝ Միացյալ Նահանգների համար ընդունելի է, քանի որ դա վրաց ժողովորդի ընտրությունն է», - ասել է Բրայզան:

Փոլ Գոբլի կարծիքով, Վրաստանում տեղի ունեցածը աղետ էր, որը վաղ թե ուշ պետք է պատահեր եւ կարող է կրկնվել նախկին խորհրդային որեւէ այլ շրջանում:

«Իրականությունն այն է, որ խորհրդային սահմանների համակարգը ստեղծվել է լարվածություն առաջացնելու եւ ավտորիտար գործելակերպն արդարացնելու նպատակով: 1991-ին ԱՄՆ-ը ողջունեց ավտորիտարիզմի վերջը, բայց նախազգուշացրեց, որ սահմանները հարկ է անփոփոխ պահել, այլապես դա կպայթեցնի վիճակը: Դրա հետեւանքն այն էր, որ խնդիրը հետաձգվեց, բայց ապագայում վիճակն է'լ ավելի կվատթարանա», - ասել է Գոբլը:

Նրա համոզմամբ, Եվրասիայի տարածքում կան ազգային փոքրամասնությունների խմբեր, որոնք հայտնվել են «ծուղակում», քանի որ չեն ընդունում իրենց պատկանելությունը այս կամ այն երկրին, ինչի արդյունքում շատ տեղերում սահմանների շրջաններում լարվածությունը աճում է:

Փոլ Գոբլը ամերիկացի օրենսդիրներին հորդորում է որդեգրել արտաքին քաղաքականության ասպարեզում երեք մոտեցում՝ ա. չճանաչել ուժի միջոցով փոփոխված սահմանները, բ. ընդարձակել ԱՄՆ-ի կապերը հետխորհրդային ժողովուրդների հետ, գ. վերահաստատել ԱՄՆ-ի հավատարմությունը ազգերի ինքնորոշման իրավունքին:

«Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, ավելին է, քան մի փոքրիկ երկրի ճակատագիրը: Դա մարտահրավեր է ամբողջ միջազգային անվտանգությանը", - ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Բակրաձեն եւ հավելել. - «Վրաստանի կառավարությունը գործողությունների է դիմել, որովհետեւ հարկադրված էր պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը»:

Ամերիկայի Հելսինկյան հանձնաժողովի լսումների ընթացքում Մեթյու Բրայզան անդրադարձել է ամբողջ Հարավային Կովկասի խնդիրներին, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա ողջունել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի երեւանյան այցը:

«Միացյալ Նահանգների կառավարությունն ամեն կերպ նպաստելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ հարատեւ կարգավորմանը, որը բխելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը մեր աջակցության սկզբունքից եւ ի վերջո ներառելու է միջազգային օրենքների ու դիվանագիտական պրակտիկայի այլ տարրեր», - լսումների ընթացքում ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG